Պարտավոր ենք օգտագործել Ադրբեջանի կողմից մեզ ընձեռված այս հնարավորությունը․ քաղաքագետը՝ Լաչինի միջանցքը փակելու մասին

Արդեն իններորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի։
Ստեղծված իրավիճակի, հավանական լուծումների մասին MediaHub.am-ը զրուցել է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանի հետ։
-Պարոն Ազիզյան, Ձեր գնահատմամբ՝ ո՞վ է մեղավոր ստեղծված իրավիճակի համար։
-Մեղավոր ասվածը շատ հարաբերական հասկացություն է, ուստի տարբեր դիտանկյուններից տարբեր կերպ կարող ենք մեկնաբանել։ Իրավաքաղաքական իմաստով, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի Լաչինի միջանցքի անվտանգության ապահովման երաշխավորությունը գտնվում է ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության ներքո։
-Արդյո՞ք սա այն քաղաքականության հետևանքն է, որ հայաստանյան իշխանությունները նշում են՝ Արցախի հարցը պետք է մնա սերունդներին, իսկ այս պահին կարևորում են Հայաստանի առաջ ծառացած խնդիրները։
-Մենք պետք է հասկանանք, որ ձեւավորված աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Արցախի հարցում մեզ համար ցանկալի լուծման հնարավորություններ գործնականում չկան, ուստի կարգավիճակի և հակամարտության քաղաքական կարգավորման հարցն առկախելը չարյաց փոքրագույնն է, նման առաջարկ հայկական կողմը կարծես թե ստացել է Ռուսաստանից և հրապարակավ ընդունել է դա ամենաբարձր մակարդակով։ Հայաստանի Հանրապետությունը պետք է անհապաղ դիմի ՄԱԿ անվտանգության խորհրդին, գործարկի բոլոր հնարավոր խողովակները, միջազգային դատարանին և ընդհանուր առմամբ բոլոր իրավարար և իրավապաշտպան կազմակերպություններին` դիմելու և համարժեք պատասխան պահանջելու առումով։
-Ի՞նչ սպասել միջազգային հանրությունից։
-Ներկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Ռուսաստանը չունի այն կշիռը, որը կարող է զսպել ադրբեջանական վարչակարգի ամբիցիաներն ու բավարարել իր տարածաշրջանային շահերը, ուստի այստեղ առաջնահերթ անհրաժեշտություն է առաջանում ՄԱԿ անվտանգության խորհրդի կողմից գործարկել հստակ միջազգային մեխանիզմներ, որոնք իրապես կարող են ապահովել արցախահայության իրավունքների պաշտպանությունը։ Հենց այս մոտիվներով պետք է ձևակերպվեն մեր պահանջները, բայց դրանք նաև պետք է լինեն տրամաբանական և օբյեկտիվ իրականությանը համահունչ։ Մենք պարտավոր ենք օգտագործել Ադրբեջանի կողմից մեզ ընձեռված այս հնարավորությունը, դա մեծ բացթողում է, որը մենք պետք է բոլոր հնարավոր խողովակներով օգտագործենք քաղաքական ու դիվանագիտական դիվիդենտներ շահելու և սեփական շահերի բավարարման տրամաբանությամբ։
Լիաննա Թորոսյան