Արցախի երկու գյուղ ամբողջությամբ բնակություն կհաստատի Տաշիրում

Արցախից բռնի տեղահանված ու Հայաստան գաղթած արցախցիներին մեկնվող աջակցության ձեռքերը բազմաթիվ են։ Թե՛ անհատները, թե՛ տարբեր կազմակերպություններ, թե՛ խոշոր գործարարներ հայտարարեցին, որ պատրաստ են արցախցիներին կացարաններով ապահովել։ Նշենք, որ ՀՀ Կառավարությունը ևս հայտարարել է, որ 40 հազար արցախցու կացարանով ապահովելու արդեն իսկ պատրաստ է։
Նշենք, որ ժամը 15:00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 50 243 անձ, և ըստ Կառավարության, 5700 քաղաքացու արդեն կացարաններով ապահովել են։ Նկատենք, որ Կառավարության հատկացրած կացարաններն այս պահի դրությամբ հիմնականում Սյունիքում են։
MediaHub.am-ի տեղեկություններով՝ բացի Սյունիքից, օրինակ, Արցախի երկու գյուղ էլ բնակություն է հաստատելու Լոռվա մարզում, Տաշիր քաղաքում։
Հիշեցնենք, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը հայտարարել էր՝ պատրաստ է 1000 բնակարան տրամադրել բռնի տեղահանված արցախցիներին։ Ընկերությունից մեզ տեղեկացրին, որ իրենք 1000-ից ավելի հայտեր են ստացել և փորձում են գոնե եղած բոլոր հայտատուներին տներով ապահովել։
«Արցախի երկու գյուղ տեղավորելու ենք այս բնակարաններում։ Ամեն գյուղում 40-50 ընտանիք է եղել, բոլորն առաջիկա օրերին գալու են Տաշիր։ Նշենք, որ բացի այս գյուղերի բնակիչներից, մենք նաև Տաշիրի հարակից հատվածներում բնակարան ենք տրամադրելու այն անհատներին, որոնք մեզ դիմել են»,- ասացին ընկերության հանրային կապերի ծառայությունից։
Տեղեկացնենք, որ Տաշիրում բնակություն հաստատող արցախցիներին վեցամսյա ժամկետով են բնակարաններ տրամադրվելու, այդ ընթացքում ընկերությունը հոգալու է մարդկանց սոցիալական բոլոր կարիքները։
«Եվ այն մարդիկ, որոնք կցանկանան հետագայում Տաշիրում մնալ, ապա նրանց նաև աշխատանքով կապահովենք։ Նման պլաններ կան»,- տեղեկացրին ընկերությունից։
Նարե Գնունի