«Ցավում ենք, որ մեր խոսքերն ընկալվել են որպես «նիկոլականության» պրոպագանդա». աղմկահարույց փոդքաստի հետքերով

«Ցավում ենք, որ մեր խոսքերն ընկալվել են որպես «նիկոլականության» պրոպագանդա». աղմկահարույց փոդքաստի հետքերով

Արդեն մի քանի օր է սոցիալական մեդիա տիրույթում բուռն քննարկման առարկա է դարձել արցախցի հաղրդավար-դերասանուհի Շողեր Սարգսյանի և ուսուցչուհի-բլոգեր Նինա Շահվերդյանի համատեղ փոդքաստը, որի եթերներից մեկի ժամանակ վերջիններս Արցախի և Հայաստանի նախկին ղեկավարությանը՝ ներառյալ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, անվանել են «Ղարաբաղյան կլան», այնուհետև նշել, որ իրենք ոչ մի կապ չունեն այդ «կլան»-ի հետ և որ իրենք իշխանությունների հարստությունից չեն օգտվել։ 

Չհաջողված փոթքաստին անդրադարձել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Նաև էս պատճառով Արցախը չկա, որ ացախցին իրա երկիրն ազատագրողներից «ամաչի» ու անվանի «Ղարաբաղյան կլան», իսկ իրա տունն ու տեղը թուրքին տվածին փառաբանի.... սրանք են էն մարդիկ, ովքեր Արցախը արայիկի հետ տվեցին թուրքին ու էսօր բա պետք ա Ռոբերտի ու Սերժի մասին սենց արտահայտվեն»։ 

Գրառումից հետո համակարծիքների ու հակակարծիքների տարափ է սկսվել, որոնց մեծ մասը մեղադրում, մի մասը՝ պաշտպանում էր աղջիկներին։ 

Թեմայի շուրջ MediaHub-ն այսօր զրուցեց փոդքաստը վարողներից մեկի՝ Շողերի հետ։ Վերջինս ցավով նշեց, որ այո՛, հնչել է այդ արտահայտությունը, իրենց մեղքով։ «Մենք նույնիսկ մեր էջերում կիսվել ենք այդ մասով, որ վերլուծությունը թույլ է եղել, պետք չէ մեզ թիրախավորել, դավաճան անվանել։ Մենք ոչ մեկի պատվերը չենք կատարում։ Իմ ու Նինայի «Ինադու» վերտառությամբ փոդքաստի հետևողները գիտեն, որ մեր եթերում ամենաշատը մենք դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանին։ «Ինադու»-ի որևէ էպիզոդ չի ունեցել քաղաքական ենթատեքստ, մենք երբեք չենք սատարել որևէ քաղաքական ուժի։ Ցավում ենք, որ մեր խոսքերն ընկալվել են որպես «նիկոլականության» պրոպագանդա »,-ասաց նա։ 

Արդեն քանի օր է Շողերն ու Նինան իրենց հասցեին սպառնալիքներ ու վիրավորանքներ են ստանում, որոնց մեծ մասը թիրախավորում են Նինայի հորը, Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանին։ Մշակույթի գործիչներից մեկը MediaHub-ի հետ զրույցում ասաց. 

«Բակո Սահակյանի կառավարման ժամանակահատվածը Արցախի զարգացման տարիներն էին, բոլոր ոլորտներում ունեցել ենք հաջողություններ։ Հիմա Սերգեյ Շահվերդյանի աղջիկը եթերում այնպիսի միտք է արտահայտել, որ ուզում ես ասել աղջիկ ջան, մենք Մարս մոլորակից չենք իջել, գիտենք հայրդ ինչով էր զբաղվում, Ստեփանակերտի կենտրոնում ձեր տունը ո՞ւմ փողերով եք սարքել, ինչպե՞ս եք ձեռք բերել հյուրանոցային տնտեսությունները, իհարկե՛ նույն «կլանի» փողերով։ Ժամանակին օգտվել են պետությունից, հարստություն կուտակել, իսկ հիմա Արցախի կորստից հետո՝ մեղադրել, արդար չէ» ։ 

Մշակույթի ոլորտից մեկ այլ նախկին պաշտոնյա էլ ասաց, որ Շահվերդյանն իր համար տնտեսելուն զուգահեռ, նաև գործ է արել, հետք է թողել. «Մեջբերեմ, օրինակ, «Տիգրանակերտ» ամրոցի և «Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոց-թանգարանների հիմնումը, մշակութային կոլեկտիվների զարգացումը։ Ինչ վերաբերում է աղջկան, հաղորդումը չեմ նայել, բայց և դեմ եմ այդ արտահայտությանը։ Իսկ ընդհանրապես, Արցախի կորստով մեղադրում եմ նախկին ու ներկա իշխանություններին»,- հավելեց MediaHub-ի զրուցակիցը։