Ստեփանակերտը դժգոհեց, Վաշինգտոնում չլսեցին...

Լեռնային Ղարաբաղում նոր բախումները չեն հանգեցրել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների դադարեցմանը։
«Մենք շատ անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստների կապակցությամբ և մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին: Այս միջադեպն ընդգծում է բախումներից խուսափելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կայուն խաղաղության կարևորությունը», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ հունիսի 27-ին Բլինքենի հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ կառուցողական էին։
Ստեփանակերտում Վաշինգտոնից ավելի առարկայական պատասխան էին սպասում. գիշերն արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հայկական կողմում 4 զինծառայող էր զոհվել։
Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել գիշերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման հերթական արյունալի միջադեպի առիթով` կոչ անելով Վաշինգտոնում գտնվող հայկական պատվիրակությանը դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցությունները, քանի դեռ հրադադար չի հաստատվել։ Իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների ղեկավարներին Արցախի խորհրդարանականները կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։
Վաշինգտոնից ու այլ մայրաքաղաքներից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հավաստիացումներ, անգամ իսկ հասցեական գնահատականներ չհնչեցին:
Եվ առհասարակ, հարկ է հասկանալ, թե ինչո՞ւ Վաշինգտոնի բանակցությունների պիկին Բաքուն գնաց նման սադրանքի:
Ըստ ամենայնի, Ալիևը հաշվարկել է, որ ստեղծված իրավիճակում որևէ միջազգային հակազդեցության չի արժանանալու և ագրեսիվ քաղաքականությամբ Երևանին փորձում է զիջումների հակել: Հենց այս մտահոգությունն ունեն Ստեփանակերտում, որտեղ կարծում են՝ բանակցությունները դառնում են միջոց, որով Բաքուն կապիտալիզացնում է իր ագրեսիվ օրակարգը:
Մյուս կողմից, պետք է հասկանալ, որ Ալիևը կրակում է միջազգային այն հորդորների ուղղությամբ, որոնց նպատակը Ստեփանակերտ- Բաքու դիալոգի միջազգային մեխանիզմի ստեղծումն է: Ալիևը սպանում է այդ հեռանկարը՝ հասկացնելով, որ ԼՂ-ն իր «ներքին հարցն» է:
Պաշտոնական Երևանը ու միջազգային հանրությունն, ըստ էության, ադեկվատ չեն արձագանքում Ալիևի այս ագրեսիվ կեցվածքին:
Վահրամ Բագրատյան