55 միլիոն 718 հազար 300 ՀՀ դրամ՝ ՔՊ-ականների գարնանային վոյաժների համար

Գարունը բավականին ակտիվ է եղել ԱԺ պատվիրակությունների համար։ Մարտ, ապրիլ և մայիս ամիսներին 25 ուղղությամբ վոյաժներ են եղել, մեծամասամբ՝ ՔՊ-ական պատգամավորների մասնակցությամբ։շ
Այսպես, ներկայացնում ենք MediaHub.am-ի՝ ԱԺ ուղարկված հարցման պատասխանը, որում հստակ հարցեր էին նշված, թե որ պատգամավորներն են այս գարնան ընթացքում մեկնել գործուղման և որքան է արժեցել յուրաքանչյուր այցը։
Այսպես, «ԵԱՀԿ Երիտասարդության և անվտանգության հարցերի խմբի» շրջանակում ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների ոչ ֆորմալ հանդիպման աշխատանքներին մասնակցելու համար Սարգիս Խանդանյանի՝ Վիեննա այցն արժեցել է 375,960 հազար ՀՀ դրամ։ Պատգամավորը Ավստրիայի մայրաքաղաքում է եղել երկու օր՝ մարտի 10-12-ը։
Մարտի 17-19-ի ընթացքում էլ ՔՊ-ականները Սանկտ Պետերբուրգում էին, մասնակցում էին ՀԱՊԿ ԽՎ Պաշտպանության և անվտանգության, Սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի, Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովների հերթական նիստերի աշխատանքներին։ Այս այցն էլ արժեցել է 1, 010, 484 դրամ։
17․123, 322 դրամ է արժեցել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը՝ Նուսա Դուա։ ՔՊ-ական 11 հոգանոց խումբը այնտեղ էր մարտի 18-26 ընկած ժամանակահատվածում։ Այցի նպատակը Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելն էր։
ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանի՝ Փարիզ այցի արժեքը անհամեմատ փոքր է նախորդներից․ այն կազմել է 482, 000 դրամ։
Իսկ ահա Միլան մեկնողները պետական բյուջեից ծախսել են 2․449,812 դրամ գումար։ Այցը եղել է մարտի 25-29 ընթացքում։
Մարտի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում էլ Բրյուսել մեկնելու հնարավորություն են ունեցել ՔՊ-ական երեք պատգամավորներ, որոնց այցն արժեցել է 2,507,512 դրամ։
4,871,220 դրամ․ սա էլ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ դեպի Ալմաթի վոյաժի արժեքն է։ 11 հոգանոց խումբն այնտեղ էր մարտի 27-30 ընկած ժամանակահատվածում։
Գարնանային վոյաժներից ամենամատչելին, թերևս Միքայել Թումանյանի՝ Բելգրադ այցն է եղել։ Ծախսվել է ընդամենը 246, 000 դրամ գումար։ Պատգամավորը Բելգրադում էր մարտի 31-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում։
Ապրիլի 3-6-ը ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն ու ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բադոյանը եղել են Մոնակոյում։ Նրանց վոյաժի արժեքը եղել է 1, 471, 892 դրամ։
ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի՝ Փարիզ այցն արժեցել է 825, 867 դրամ։ Պատգամավորը Ֆրանսիայի մարյաքաղաքում էր ապրիլի 3-5-ը։
Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանի՝ Սանկտ Պետերբուրգ այցը կազմել է 787, 453 դրամ։ Այն տևել է երկու օր՝ ապրիլի 13-15-ը։
ԵԽԽՎ նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի ապրիլի 24-29-ը Ստրասբուրգ մեկնած պատգամավորները պետական բյուջեից ծախսել են 9,357,862 դրամ գումար։
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցելու համար 2022 թվականի մայիսի 2-3-ը Վիեննա էր մեկնել ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Նրա վոյաժի ծախսը կազմել է 533, 428 դրամ։
Մայիսի 8-11-ը Հռոմում է եղել Արմեն Ռուստամյանը, որի այցի արժեքը կազմել է 610, 985 դրամ։
Մայիսի 11-13-ը Ստոկհոլմ Է գործուղվել ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Նրա այցի արժեքը կազմել է 819, 050 դրամ։
ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար մայիսի 12-14-ը Փարիզ է գործուղել ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Այցի արժեքը՝ 557, 954 դրամ։
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար մայիսի 12-16-ը Քվեբեկ են գործուղվել ՖԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բադոյանը։ Այցի արժեքը՝ 2, 012, 416 դրամ։
ԵԽԽՎ Քաղաքական և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար մայիսի 14-17-ը Խանիա է գործուղվել ԵԽԽՎ-ում պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Ծախսվել է 592, 920 դրամ։
Արմեն Գևորգյանի՝ Փարիզ այցն էլ արժեցել է 1, 018, 174 դրամ։ Եռօրյա այցը եղել է մայիսի 17-20-ն ընկած ժամանակահատվածում։
Ալեքսեյ Սանդիկովի՝ Սանկտ Պետերբուրգի այցի արժեքն էլ կազմել է 482, 091 դրամ։
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի մայիսի 23-25-ը Փարիզ է գործուղվել ԵԽԽՎ-ում պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Այցի արժեքը՝ 771, 647 դրամ։
ԵԱՀԿ ԽՎ քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովի աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար 2022 թվականի մայիսի 23-26-ը Վիլնյուս մեկնած ՔՊ-ական պատվիրակությունը պետական բյուջեից ծախսել է 474, 000 դրամ գումար։
Վաղարշակ Հակոբյանի՝ Սանկտ Պետերբուրգ այցն էլ արժեցել է 608, 000 դրամ։ Նա մեկնել էր ԱՊՀ ՄԽՎ Պետականաշինության փորձի ուսումնասիրման և տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար։
3․045,402 դրամ է արժեցել ՔՊ-ականների այցը Նիկոսիա։
Գարնան վերջին վոյաժը եղել է դեպի Վիլնյուս։ Այցի արժեքը՝ 2․682,656 դրամ։
Այսպիսով, պատգամավորների գարնանային վոյաժների ընդհանուր արժեքը կազմում է 55, 718, 300 դրամ, կամ՝ 132, 650 դոլար։
Նարե Գևորգյան