Ալեն Սիմոնյանը Գաֆարովային առաջարկել էր, որ նա իր հետ գերիներ բերեր Ժնև․ ինչո՞ւ է չեղարկվել հանդիպումը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում ժնևյան գործուղումից վերադարձած ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր խորհրդարանում MediaHub-ի հետ զրույցում պատմեց, թե ինչ օրակարգով են իրենք մասնակցել միջխորհրդականական միության նիստերին և ինչ հանդիպումներ են ունեցել Ժնևում այդ օրակարգից դուրս։
Մասնավորապես, Հակոբյանը մանրամասներ հայտնեց, թե ինչո՞ւ է վերջին պահին չեղարկվել Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ։
«Սա արդեն կլիներ թվով երրորդ հանդիպումը Գաֆարովայի հետ, ինչպես գիտեք, Միջխորհրդարանական միությունը հայտ էր ներկայացրել՝ լինելու միջնորդ այս միության շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության, և ունեինք երկու ստացված փորձ: Դրանից առաջ պարոն Սիմոնյանը, որպեսզի որոշակիորեն նաև պրոդուկտիվ լինի հանդիպումը, և ունենանք դրական արդյունք, առաջարկել էր, որ գերիների փոխանակում կատարվի Ժնևում, օրինակ՝ Գաֆարովան իր հետ բերեր գերիներ կամ գոնե գերի։ Այս առաջարկը ես հիմա հստակ չեմ կարող ասել՝ ուղիղ էր ասվել, թե հետո Միջխորհրդարանական միության կողմից էր փոխանցվել, բայց կարծում եմ՝ սա էր հիմնական պատճառը, որ տեղի չունեցավ հերթական հանդիպումը»,- ասաց Հասմիկ Հակոբյանը՝ նշելով, որ այլ ֆորմատով Սիմոնյանն ու Գաֆարովան ունեցել են հանդիպում՝ ընդհանուր պատվիրակությունների կազմում, սակայն հանդիպման հրաժարման մասին Գաֆարովան որևէ բան չի ասել։
Ըստ Հակոբյանի՝ ադրբեջանական կողմը վերջին պահին է հրաժարվել, չնայած նրան, որ հայկական կողմը պատրաստված էր հանդիպմանը, արդեն նախապես օր, ժամ և վայր էր նախատեսվել միջնորդ կողմի միջոցով, սակայն Գաֆարովան որպես պատճառաբանություն չի բերել այն նախապայմանը, որ առաջ էր քաշել Ալեն Սիմոնյանը, այն է՝ գերիների վերադարձ, փոխարենը որպես հանդիպումից հրաժարվելու պատճառ՝ նշել են այն, թե իրենց համար, իբրև թե, միջազգային հարթակներում ունեցած քննարկումներն անընդունելի են։
«Ասել են՝ իբր Հայաստանն ունի ազդեցություն միջազգային,հարթակներում և միջազգային հարթակներում քննարկվող թեմաներն իրենց վիրավորել են, և այդ պատճառով իրենք չեն հանդիպում»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Նա նաև նշեց, որ խոսքը բոլոր տեսակի գերիների վերադարձին է վերաբերում, այսինքն՝ թե՛ Բաքվում պահվող ռազմագերիներին, թե՛ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, թե՛ անգամ խաղաղ բնակիչներին, որոնք հայտնվել են ադրբեջանական գերության մեջ։
Փոխարենը սպոնտան՝ ոտքի վրա, ինչպես հասկացանք Հասմիկ Հակոբյանի խոսքից, հենց Ժնևում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշի հետ։ Հակոբյանն ասաց, որ Թուրքիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հարցեր, երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձանց համար Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող, այդ թվում՝ կոմունիկացիաների բացմանն ու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցեր։
Հարցրինք ՔՊ-ական պատգամավորին, թե արդյոք կա՞ր փոխըմբռնում Թուրքիայի ԱԺ նախագահի կողմից հայկական կողմի դիրքորոշումների հարցում, և արդյոք թուրքական կողմը հանդես էր գալիս Ադրբեջանի մեծ եղբոր և Ադրբեջանի շահերը առաջ տանողի դիրքերից։
«Ոչ, նման տպավորություն և խոսույթ չի եղել հանդիպման ընթացքում, ընդհակառակը, երբ հարցը վերաբերել է Ադրբեջանին, Թուրքիան մեզ ուղղորդել է և կարևորել է, որ մենք Ադրբեջանի հետ մեր հարցերը լուծենք, և մեծ եղբոր դիրքերից չէ, որ խոսել է Թուրքիան։ Եթե այդպես լիներ, կարծում եմ՝ Ադրբեջանի հետ հրաժարումից հետո Թուրքիան նաև չէր համաձայնի հանդիպել Հայաստանի հետ, եթե այդքան կապակցում ենք Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը։ Կարծում եմ՝ դրանք հարյուր տոկոսանոց նույնական չեն»,- ասաց Հասմիկ Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում