Փաշինյանի՞ն, թե՞ պարեկին հայհոյելն է վարորդին բերման ենթարկելու առիթ հանդիսացել 

Փաշինյանի՞ն, թե՞ պարեկին հայհոյելն է վարորդին բերման ենթարկելու առիթ հանդիսացել 

Երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են  Երևանում խցանման մեջ սպասող վարորդին պարեկներն անհասկանալի պատճառով ուժի գործադրմամբ դուրս բերում  մեքենայից, «փռում» ասֆալտին, այնուհետև տանում անհայտ ուղղությամբ։ 

ՆԳՆ–ից շտապել էին պարզաբանել, թե պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողներն ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել, բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին, պարզաբանումներից հետո ազատ արձակվել:

Համացանցում նաև ակտիվ քննարկում էին, թե այդ պահին Նիկոլ Փաշինյանն էր անցնում, վարորդը հայհոյել է, ինչի հետևանքով նրան պառկեցրել են ասֆալտին և ձերբակալել, տարել բաժին։ 

Հետևապես հարց է առաջ գալիս՝ եթե վարորդը հայհոյում է, ապա դա հիմք է պարեկների համար, որպեսզի նրան նման կոպիտ կերպով «փռեն» ասֆալտին ու տանեն բաժի՞ն, և եթե այո, ապա դա ո՞ր դեպքերի վրա է դա տարածվում՝ միայն Փաշինյանի՞ն հայհոյելու համար, պարեկի՞ն,  թե՞, ընդհանրապես, ամեն հայհոյող վարորդի այսուհետ պետք է բերման ենթարկեն: MediaHub-ը դիմեց ՆԳՆ պարզաբանումներ ստանալու համար։ Սակայն ՆԳՆ-ից ասացին՝ ավելացնելու ոչինչ չունեն պարզաբանումից զատ։

MediaHub-ի տեղեկություններով` իրականում այդ հատվածը պարեկների կողմից փակվել է ոչ թե Փաշինյանի շարասյան, այլ Գերմանիայի նախագահին ուղեկցող շարասյան համար։ Սակայն, ի՞նչ տարբերություն։ Շրջանառվում է նաև վարկած, թե վարորդը իրականում հայհոյել է պարեկներին, երբ նրան զգուշացրել են, որ իրեն կարգի հրավիրի, նա շարունակել է հայհոյել, ինչին հետևել են պարեկների գործողությունները:  

Արդյո՞ք հայհոյանք հնչեցնելը կարող է հիմք հանդիսանալ բիրտ ուժով քաղաքացուն գետնին պառկեցնելու և բերման ենթարկելու համար։ Ինչպես տեղեկանում ենք Վարչական օրենսգրքից՝ այո, պարեկին հայհոյելը բերում է տուգանքի, սակայն բիրտ ուժով բերման ենթարկելն ուղղակի անմարդկային է։

Ըստ Հոդված 172.3.–ի՝ ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով: 

Եվ ահա, MediaHub–ը հիշեց օրեր առաջ Գյումրիում ՔՊ–ական Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորին ոչ հարիր, անշնորհք պահվածքը, որին հաջորդեց վերջինիս կողմից մանդատը վայր դնելու որոշումը: Ուշագրավն այստեղ այլ բան է՝ երբ պատգամավորը իրեն այդպես է պահում, հայհոյում, ակնհայտ վտանգավոր պահվածք դրսևորում լրագրողների նկատմամբ, միջադեպի տարածքում բազմաթիվ ոստիկաններ ու պարեկներ կան, սակայն նրանցից և ոչ մեկը Վիլեն Գաբրիելյանի ձեռքերը չոլորեց, անգամ նկատողություն չարեց, թե պետք չէ այդպիսի բաներ ասել ու անել: Ստացվում է, ՔՊ–ականը հանգիստ կարող է աջ ու ձախ հայհոյել, գոռգոռալ, և դրան հետևող իրավապահներին դա ընդհանրապես չի հուզում, իսկ շարքային քաղաքացին ամեն առիթ անառիթ հատակին պառկեցնելու մատերիալ է.... 

Մարիաննա Արամյան