Փաշինյանը գործում է պահի ազդեցության տակ, բնազդով, միակ նպատակն է՝ պահել իշխանությունը․ Վանեցյան
Մենք պետք է հասկանանք՝ ինչ գին ենք վճարում «խաղաղության» դիմաց եւ արդյո՞ք այդ պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանն ու Արցախը կլինի, հայերը կկարողանան ապրել իրենց հայրենիքում՝ անկախ, ինքնիշխան եւ անվտանգ․ MediaHub-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված «Ղարաբաղյան պրոֆիլ» քննարկման ժամանակ։
Արթուր Վանեցյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները մշակել ու Ադրբեջանին են տվել «խաղաղության պայմանագրի» իրենց տարբերակը, բայց հանրությունը չգիտի, թե այնտեղ ինչ է գրված։
«Ի՞նչ է գրված այդ պայմանագրում, որեւէ մեկը չգիտի։ Մենք տեսել ենք, թե ինչպես են այսօրվա իշխանութուն կոչվածները հակահայկական թղթեր ստորագրել, արել հակահայկական քայլեր, ու շրջանցելով փաստաթղթային դրույթները՝ ասել են, որ ունեն նաեւ բանավոր փաստաթղթեր, որոնց հիման վրա տարածքներ են հանձնել»,-ասաց նա։
Վանեցյանը շեշտեց՝ իշխանությունները թո՛ղ «խաղաղության պայմանագրի» կետերը հանրայնացնեն, հետո՝ խոսեն այդ պայմանագրի ստորագրման մասին։ Հնարավոր հակահայ հերթական փաստաթղթի ստորագրումը կանխելու մեթոդներից մեկը, ըստ «Հայրենիք» կուսակցության ղեկավարի, քաղաքական գործիչների, հանրության շրջանում կարծիք ձեւավորող անհատների խոսքն է։
«Մենք իշխանություն չենք, զինված ահաբեկչական խումբ չենք, որ փորձենք այդ փաստաթղթի ստորագրումը այլ կերպ կանխենք։ Պետք է հանրությանը ներկայացնել վտանգները եւ փորձել կանխել դրանք։ Հուսով ենք այսօրվա հավաքից ու աղմուկից հետո կստանանք մեր հարցերի պատասխանները»,- ասաց նա։
Լրագրողի հարցին՝ թե ի՞նչ է արվում իշխանությունների հակահայ գործողությունները կանխելու համար, Վանեցյանն ասաց, որ ինքը դեռեւս 2019թ․-ից է դրանց դեմ պայքարում, երբ հայտարարություն արեց եւ հեռացավ ԱԱԾ տնօրենի պաշտոնից։
MediaHub-ի հարցին՝ ինչպե՞ս անել, որ ժողովուրդը համախմբվի, վերջինս նշեց, որ այս իշխանություններն ամեն ինչ արել են, որ հանրությանը պառակտեն ու բաժանարար գծեր ստեղծեն։
«Հանրությանը կիսել են սեւերի ու սպիտակների, յուրայինների եւ ոչ յուրայինների, ռուսամետների ու արեւմտամետների։ Այս բաժանումների շնորհիվ կարողանում են կառավարել ժողովրդին եւ պահել իրենց իշխանությունը։ Փաշինյանը գործում է պահի ազդեցության տակ, բնազդով, միակ նպատակն է՝ պահել իշխանությունը»,-նշեց Վանեցյանը՝ հավելելով՝ հանրությունը պիտի կարողանա միավորվել մեկ գաղափարի շուրջ եւ դուրս գալ այս ծանր վիճակից։
Մանրամասն՝ տեսանյութում։