Քրեական հեղինակությունների շուրջ օղակը սեղմվում է․ իրավապահները փնտրում են «Նորատուսցի Ալիկին»

Քրեական հեղինակությունների շուրջ օղակը սեղմվում է․ իրավապահները փնտրում են «Նորատուսցի Ալիկին»

Ուշագրավ իրավիճակ՝ քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» շուրջ։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, և իրավապահները մտել են նրան պատկանող բոլոր տարածքներ խուզարկության։

Քրեական ենթամշակույթի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, մեկին ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, մյուս երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջիններիցս մեկը ձերբակալվել է։ Մյուսներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն է տրված։ ArmLur.am-ին այս մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նա տեղեկացրեց, որ վարույթի շրջանակներում, ակտիվ ապացուցողական և վարութային գործողությունները շարունակվում են, այդ թվում՝ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ, առանձին հասցեներում և օբյեկտներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։

ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ իրավապահներն այսօր առավոտյան դիմակավորված մտել են Տիչինայի փողոցում գտնվող «ԼԱ ԴԵՖԱՆՍ» հյուրանոց, աշխատակիցներին պառկեցրել են հատակին ու խուզարկություն սկսել:

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ աշխատակիցներից ոմանց ցանկացել են տանել հարցաքննության:

Ըստ ահազանգի՝ հյուրանոցը կապում են քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» հետ ու չի բացառվում, որ խուզարկության նպատակը կապված է օրեր առաջ Սեւանում տեղի ունեցած սպանության հետ։