Այնտեղ հողից հացի հոտ էր գալիս․ դրախտ էր, մնաց հեռվում

Այնտեղ հողից հացի հոտ էր գալիս․ դրախտ էր, մնաց հեռվում

«Կյանքիս ամենալավ տարիները անց եմ կացրել Եղնիկներում, դա միայն տեղանք չէր, իսկական դրախտ էր։ Ուրիշ ոչ մի տեղ չես կարող դրախտն այդքան վառ նկարագրել, քան այնտեղ՝ եղնիկներում»-MediaHub-ի հետ զրույցում ասում է ստեփանակերտցի Դավիթ Սարգսյանը, ով նախքան բանակ զորակոչվելը ուսումնասիրել է Արցախի բոլոր պաշտպանական շրջանները։ 

Որոշել է, որ ամեն ինչ անելու է որ հենց 7-րդ պաշտպանականում ծառայի։ 

«Լսել էի, որ համեմատած մյուս պաշտպանական շրջանների, այդտեղ մի քիչ ավելի բարդ է, հատկապես լեռնաանտառային տեղանքում կողմնորոշվելը։ Հեռու զորամաս է, կապի խնդիր կա, ձմեռը շատ ցուրտ է լինում, հերթափոխը ոտքով են իրականացնում, բայց դա ավելի էր ոգևորում։ Առանց տանը տեղյակ պահելու ծանոթների միջոցով գնացի ծառայության»,- պատմում է մեր զրուցակիցը, ով 2012-2014-թթ․ծառայեց Արցախի հյուսիսային թևում։

Ձմռանն է զորակոչվել, ասում է առավոտյան սառը օդը բավական էր, օրվա ընթացքում անգամ սոված մնալու համար։  

«Հայրենիքի պաշտպանությունն ինձ տվեց զգացողությունը, որ ամեն վայրկյան կարող ես կորցնել, ինչ ունես, և հակառակը՝ պահել, ինչ ունենք»,- ասաց Դավիթը։

Նրա խոսքով՝ Եղնիկների օդ ու ջրի, հարուստ բնության ու տարածքում գտնվող Երից մանկանց եկեղեցու համար արժեր հաճախ լինել այդտեղ։ Այդ է պատճառը, որ ծառայությունից հետո Դավիթի կապը զորամասի հետ չընդհատվեց։  

«Ես հավերժ սիրահարվեցի Եղնիկներին։ Դա անբացատրելի զգացողություն էր, ուժ էի ստանում, ոչ մի վայրկյան չէի նեղվում։ Այդ տարածքն իմ սրբությունների շարքում է։ Գուցե կզարմանաք, բայց ես համարձակությունս այնտեղ եմ ձեռք բերել, որը մինչև հիմա օգնում է ինձ խրամատից ընտանիք՝ հաղթահարել բազմաթիվ դժվարություններ։ Ես Արցախի հանդեպ սերը չափում եմ Եղնիկներով։ Երբ քայլում էի Երից մանկանց վանքի տարածքում, որը կառուցվել է 1696 թվականին, հպարտանում էի, որ տասնյակ հազարավոր տարիներ առաջ այդտեղ հայեր են եղել»։  

Հետո եկավ 2020-ի 44-օրյա պատերազմը, հետո 2023-ի սեպտեմբերյան դեպքերը։ Դավիթը կամավորագրվեց հայրենիքի պաշտպանությանն ու մինչև վերջին օրը կռվեց թշնամու հետ անհավասար մարտում։

Թշնամու կորուստները հազարների էին հասնում։ «Սատկացրել ենք»,- իր ու ընկերների սխրանքի մասին շատ չի պատմում Դավիթը։

«Պարտվել ենք, որովհետև չենք գնահատել ունեցածը։ Որովհետև կամաց-կամաց մոռացել ենք հաղթանակների մասին ու հաղթանակ կերտած սերնդին, կորցրել ենք հավատը մեզ ուժ տվող հողի հանդեպ»,- շարունակեց նա։

Դավիթը մեկ տարի առաջ է ամուսնացել։ Կնոջ՝ Էմմայի հետ երազանքներ շատ ունի, ինքն իրեն տված խոստումներ՝ քիչ։ 

«Հրամանատարս Լեռնիկ Վարդանյանն էր, հերոսի իսկական կերպար, որ զոհվեց 2020-ին։ Խոստացել եմ, երբ տղա ունենամ, անունը Լեռնիկ պիտի դնեմ»,- ընդգծում է Դավիթը։ 

Ըստ մեր զրուցակցի՝ Եղնիկներից էր սկսվում հայության խիզախ տեսակը, սահմանը, «մեր կորսված Շահումյանն ու Գյուլիստանը։ Այնտեղ հողից հացի հոտ էր գալիս։ Եղնիկները դրախտ էր՝ մնաց հեռվում»։

Հունան Թադևոսյան