Խաբեության նոր որակ․ ներկայացել են նախարարության աշխատակիցներ, խոստացել տուն նվիրել, գումար շորթել

Խաբեության նոր որակ․ ներկայացել են նախարարության աշխատակիցներ, խոստացել տուն նվիրել, գումար շորթել

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը, որ նախորդ տարվա ողբերգությունից հետո պարբերաբար այցելում է Արցախից տեղահանված ընտանիքներին և օգնություն ցուցաբերում կարիքի մեջ հայտնված մարդկանց, երեկ բախվել է մի իրականության, որը նրան հանգիստ չի տալիս։ Մեր երկրում խոցելի խմբերի իրավունքները պաշտպանված չեն, խարդախության եղանակով նրանց կարելի է հեշտությամբ խաբել, մոլորեցնել։ 

«Պատկերացնո՞ւմ եք՝ բարոյական ի՜նչ անկում է Հայաստանում: Այցելել եմ մի ընտանիքի, որը 3 զոհ ունի պայթյունից՝ հայր և 2 որդի: Տանը մնացել են կանայք՝ տատիկը, մայրը ու 2 դուստրերը: Ու գտնվել են տականքներ, որ խաբելով, ներկայանալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ, խոստացել են տուն հատկացնել այս անօգնական մարդկանց։ Նրանց հաջողվել է այդպես խաբել ևս 15 ընտանիքի և գումարներ շորթել: Պատկերացրեք խաբեության ինչ որակ է, որ եկել են իրենց տուն մի կապ բանալի տվել, ասել՝ «ձեր տան բանալիներն են»»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց տիկին Մուրադյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ խաբեբաները բնակապահովման քողի տակ, շորթման եղանակով տարբեր ամիսների՝ տարբեր չափի գումարներ են կորզել արցախցի տեղահանված ընտանիքներից։

Վերջիններս դիմել են փաստաբանի օգնությանը։ Անցել է ամիսուկես, սակայն ոստիկանությունից դեռ որևէ արձագանք չկա։ 

Զարուհի Մուրադյանն այսօրինակ դեպքերը բացառելու նպատակով հորդորեց զերծ մնալ կասկածելի գործարքներից։ 

Կից լուսանկարում սոցնախարարության աշխատակիցներ ներկայացած անձինք են։ Լուսանկարը տրամադրել է մեր զրուցակիցը:

Հունան Թադևոսյան