Փաշինյանին հանդիպելու ցանկություն են հայտնել, ԵՄ-ի հարցով չեն շտապում. Մամուլը՝ սուրճով

Փաշինյանին հանդիպելու ցանկություն են հայտնել, ԵՄ-ի հարցով չեն շտապում. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրում» շարունակում են Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան, նրան հեռացրել են նաեւ ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի կազմից, փոխարինել նորաթուխ պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանով, որը վարչապետի նախկին խորհրդականն էր։

Բանն այն է, որ Աղազարյանը ՔՊ քվոտայով էր ընդգրկված սույն հանձնաժողովի կազմում, ՔՊ-ից հեռացվելուց հետո նրան «իգնոր» են արել նաեւ բոլոր միջազգային պատվիրակություններում, որոնցում ընդգրկված էր։ Ի դեպ, չնայած Աղազարյանի փաստաբանը հայտարարում էր, որ հունվարի 20-ին մեկնարկող ԱԺ նիստերին գլխավոր դատախազն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ հնարավոր է մտնի ԱԺ, սակայն երեկվա դրությամբ օրենսդիրները չէին ստացել նման միջնորդություն, ավելին, մեզ ասացին, որ մոտ ամիսուկես է՝ Աղազարյանին նաեւ իրավապահներն են հանգիստ թողել, մինչդեռ մանդատը վայր դնելու Փաշինյանի հորդորից հետո շաբաթվա բոլոր օրերին կանչում էին տարբեր վարույթներով հարցաքննության՝ փորձելով այդ ճանապարհով ճնշել նրան։

Իսկ Արգիշտի Քյարամյանի գործն ընդհանրապես փակուղի է մտել, որեւէ ապացույց չի գտնվել, որով կհաստատվի ՔԿ նախկին ղեկավարի այն մեղադրանքը, թե Աղազարյանը միջնորդել է իր որդու վերաբերյալ քրեական գործով»:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական պատգամավորները դիմել են ՔՊ խմբակցության ղեկավարությանը՝ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպելու համար:

Ակնհայտ է՝ որքան էլ ՔՊ-ականներն առերեւույթ ցույց տան, թե ամեն բան նորմալ է, եւ մեր երկիրն էլ սկանդինավյան երկրների պես խաղաղ ու անհոգ է, իսկ Փաշինյանն էլ պնդի, թե կյանքը եռում է, միեւնույնն է՝ իշխանականներն իրենց ներսում բաց հարցեր ու անհանգստություններ ունեն: Ալիեւի սպառնալիքները սառը ցնցուղ էին ոչ միայն հայ հանրության, այլեւ պատգամավորների մեծ մասի համար. ի վերջո՝ Փաշինյանը իրենց վստահեցրել էր, որ երանելի խաղաղություն են կառուցում, բայց, փաստորեն, փուչիկ է այդ թեզը, որը պայթեցրեց Ալիեւը:

ԵՄ անդամության հարցը եւս օդում կախված է: Փաշինյանը մեկ հայտարարեց, թե հանրաքվե չի լինելու, Հայաստանը կմոտենա ԵՄ-ին այնքան, ինչքան թույլ կտա ԵՄ-ն, իսկ հիմա լրիվ հակառակն է անում. Կառավարության նիստում է հարցը քննարկում, ասում, թե 50 հազար հոգին՝ ստորագրող հանրությունը պետք է որոշի ՀՀ եվրոպական ապագան:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ահա այս հարցերն ու ներթիմային «ռազբորկաները» պարզաբանելու նպատակով ՔՊ-ականները Փաշինյանի հետ ցանկանում են հանդիպում ունենալ, իսկ թե երբ կկայանա այն, երբ Փաշինյանը կգնա խորհրդարան, որոշված չէ, ՔՊ-ականները սպասում են խմբակցության ղեկավարի պատասխանին»:

 

«Հրապարակը» գրում է․ Գրել ենք, որ ԵՄ-ին անդամակցության նախագծին հավանություն տալուց հետո Ռուսաստանից հնչող սպառնալիքներն անհանգստացրել են Նիկոլ Փաշինյանին, որն օրեր առաջ գործադիր եւ օրենսդիր մարմինների պաշտոնյաների մասնակցությամբ Իջեւանում քննարկում էր կազմակերպել, առաջարկել լուծումներ մատնանշել՝ ՀՀ տնտեսությանը սպասվող ծանր հարվածից դուրս գալու վերաբերյալ, ասելով, որ չեն կարող հետքայլ անել եւ հրաժարվել ԵՄ-ի նախագիծն ընդունելուց։ Տեղեկացանք, սակայն, որ երկուշաբթի մեկնարկող ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին նիստի օրակարգում, այդուհանդերձ, ԵՄ-ին անդամակցելու մասին նախագիծը չի ընդգրկվել, թեպետ անցած տարեվերջից այն խորհրդարանում է։ 

Ի դեպ, իշխանական ֆրակցիայում կա պատգամավորների ստվար զանգված, որը դեմ է այդ նախագծի ընդունմանը՝ համարելով «արկածախնդրություն՝ վտանգավոր հետեւանքներով», ի դեպ, նախագծի տեքստը զվարճանքի թեմա է դարձել ՔՊ-ում, ասում են՝ ապշած են Եվրոպա շտապողների անգրագիտության եւ պարզունակության մակարդակից։