Խաղաղության օրակարգը նոր պատերազմներ է բերելու․ Հակոբ Տեր-Խաչատուրյան
Չգիտեմ, թե ինչու է իշխող ուժի ներկայացուցիչը մասնակցել այս նախաձեռնությանը, ենթադրում եմ՝ քաղաքապետարանն իր թույլտվությունից հետո է ուզել անպայման ներկա գտնվել, բայց ես ժողովրդի արձագանքից չեմ զարմանում, որովհետև շատերն են այս իշխանության ներկայացուցիչների գործողությունները նկատելով նրանց դավաճան համարում։ Այս մասին այսօր «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցելու ընթացքում MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ՝ խոսելով երեկ նույն հուշարձանի մոտ տեղի ունեցած այն միջադեպին, երբ քաղաքացիները Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ելույթի ժամանակ վանկարկում էին «դավաճան»։
«Վստահ եմ՝ ազգովի բոլորս պահանջներ ունենք այս իշխանությունից, որ որևէ կերպով չհեռանան Արցախի անվտանգության ապահովման գործընթացից, Արցախին օժանդակելուց։ Կասկած չկա, որ մենք դեմ ենք հայ-թուրքական բանակցությունների այս գործընթացին. մի օր Հայաստանն ու Թուրքիան որպես հարևաններ ապրելու են, սա պետք է տեղի ունենա, բայց ոչ նախապայմաններով։ Այս իշխանության մոտեցման հիմնական դժբախտությունն այն է, որ թե՛ ցեղասպանության հարցը, թե՛ հատուցումների խնդիրը, թե՛ Արցախը պատրաստ է զոհել կեղծ խաղաղության օրակարգին, որն ինքնին նոր պատերազմներ է բերելու: Բոլորս էլ արժանապատիվ խաղաղության կողմնակիցն ենք, բայց այս խաղաղությունը չի կարող կառուցվել միայն ու միայն միակողմանի զիջումներով»,-ասաց նա։
Հարցին, թե Արցախի շրջափակման և առհասարակ վերջին զարգացումների ֆոնին ինչ աշխատանքներ է իրականացնում Հայ դատի հանձնախմբի գրասենյակը միջազգային հանրության հետ, վերջինս պատասխանեց՝ իրադարձություններից հետո միջազգային հարթակներում դատապարտումների մեծ ալիք բարձրացավ և այդ դատապարտումները պետք է գործնական հետևանքներ ունենան։
Մանրամասները՝ տեսանյութում։