Այս հոգեվիճակով ի՞նչ խաղաղության մասին է խոսքը՝ ստորացա՞ծ, նվաստացա՞ծ, գողացվա՞ծ․ Բագրատ Սրբազան

Այս հոգեվիճակով ի՞նչ խաղաղության մասին է խոսքը՝ ստորացա՞ծ, նվաստացա՞ծ, գողացվա՞ծ․ Բագրատ Սրբազան

Արցախի շուրջ անորոշությունները շարունակում են էլ ավելի խորանալ։ Մի՛ կողմից՝ ՀՀ իշխանությունների հայտարարություններն են, ըստ որի Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից՝ Արցախի իշխանության պնդումները, որ իրենք չեն համակերպվելու այդ հանգամանքի հետ։ Բայց թե ինչ են անելու, պայքարի ինչ ուղով են գնալու՝ պարզ չէ։ 

Իսկ ի՞նչ տրամադրություններ են Արցախում, ինչ պե՞տք է անի իշխանությունը, իսկ եկեղեցի՞ն։ Հարցերի շուրջ MediaHub.am-ը զրուցեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի հետ, որը օրերս է վերադարձել Արցախից։

- Սրբազան Հայր, նոր եք վերադարձել Արցախից, ի՞նչ տրամադրություններ էին այնտեղ, ի՞նչ տպավորություն ստացաք՝ արցախցիների հետ հանդիպումից։

- Արցախում ժողովրդի մոտ կամքի շատ մեծ դրսևորում կա՝ չզիջելու, չհանձնվելու և, միևնույն ժամանակ, վերջնական հաղթանակ կնքելու։ Մյուս կողմից էլ՝ անորոշություն կա, թե քաղաքական հարթակներում ինչ պայմանավորվածություններ կան։ Այսօր հայ ժողովուրդն է անորոշության մեջ։ Արցախը մեր կյանքի անբաժանելի մասն է, և հետևաբար, չեն կարող տրամադրություններն այլ լինել։ Եվ դրա լավագույն արտահայտությունը վերջերս Արցախի թեմի առաջնորդի՝ սթափվելու կոչն է։

- Արցախցին պայքարելու կամք ունի, անգամ ստիպեց, որ Արցախի ղեկավարությունը գա և բանակցություններ վարի ՀՀ իշխանության հետ, բայց արդյունքն անհայտ մնաց։ Ընդամենը մի քանի հայտարարություն եղավ, այն էլ՝ հակասական։ Ինչի՞ մասին է դա խոսում։

- Իշխանության ներկայացուցիչների կողմից տարաբնույթ հայտարարություններ եղան, որոնք իրենց բովանդակությամբ ու էությամբ դատարկաբանություն են։ Միևնույն ժամանակ, այն պարտվողական հոգեվիճակը կամ տրամադրությունը, որ կա այս երկու տարիներին, անընդհատ արտահայտվում է։ Իսկ խաղաղություն առանց հաղթանակի չի կարող լինել։ Խաղաղության մասին հայտարարությունները հոգևոր պարալիզացում, հիվանդության մեջ ապրել են նշանակում։ Խաղաղություն գոյություն չունի, եթե հաղթանակ չկա, եթե պայքար չկա։ Պարզապես կեղծ, երեսպաշտ, պատասխանատվությունից խուսափելու, իրենց պարտվողական հոգեբանությունը բարձր արժեքի ներքո թաքցնելու մի ուղղություն է։ Եվ, բնականաբար, խաղաղության հասնելու համար միայն հաղթանակներ են պետք՝ բոլոր ճակատներում։ Իսկ այս հոգեվիճակով ու հայտարարություններով ի՞նչ խաղաղության մասին է խոսքը՝ ստորացա՞ծ, նվաստացա՞ծ, գողացվա՞ծ։
 
- Այս դեպքում եկեղեցին անելիք չունի՞, արդյո՞ք ժամանակը չէ ղեկը ձեռքն առնելու։

- Վեհափառ հայրապետի հովանու ներքո գումարված հանդիպումները՝ ՀՀ և Արցախի նախկին նախագահների հետ բնականաբար հույսեր արթնացրին։

- Բայց այդ հանդիպումները պետք է շարունակական բնույթ կրեին, իսկ հիմա, կարծես թե, որևէ քայլ չի արվում այդ ուղղությամբ։

- Ես չեմ տեսել որևէ հայտարարություն, որ հանդիպումները չեն շարունակվելու, հակառակը՝ տրամադրությունները բավականին լավն էին։ Հանդիպումները շարունակելու, ելքեր ու ուղիներ որոնելու տրամադրություն կա։ Եվ եկեղեցին բոլոր իմաստներով ու առումներով փորձում է իրավիճակին ոչ միայն գնահատական տալ, այլ նաև՝ լուծումներ առաջարկել։ Կստանձնի ղեկն այնքանով, որքանով հասարակությունն ունակ է ընդունելու։ Բնական է, որ մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել, սպասելով, թե վերջում ինչ է տեղի ունենալու՝ այդպիսով կնքելով մեր մահկանացուն։ 

Նարե Գնունի