Գագիկ Մելքոնյանը «ալիբի» է ստեղծում Փաշինյանի և թիմի համար

Պատերազմը տանուլ տվեցինք, որովհետև ՊՆ ղեկավարը քաղաքական թիմից չէր․ թիմից լիներ, փախուստ չէր լինի: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը:
Գեներալ Գագիկ Մելքոնյանը 44-օրյա աղետալի պատերազմի ռազմական վերլուծության՝ հակառակորդի ուժեղ և թույլ կողմերը մատնանշելու փոխարեն ցանկանում է պարտության ողջ մեղքը բարդել անձերի վրա՝ այս պարագայում ՊՆ նախկին ղեկավարի:
ՔՊ-ականները պատերազմը քննող հանձնաժողով են ստեղծում՝ մի քանի զինվորականի վրա «սլաքներն» ուղղելու և Փաշինյանի ու ՔՊ-ական վերնախավի համար «ալիբի» ստեղծելու նպատակով, սակայն դա նրանց մոտ չի ստացվելու: Հայ ժողովուրդը գիտի՝ արցախահայերն իրենց մաշկի վրա են զգացել ՔՊ-ականների կառավարման աղետալի արդյունքներն ու Շուշիի հանձնումը տեղի է ունեցել ՔՊ-ի օրոք՝ նախկինների վրա որևէ բան բարդելն արդեն, մեղմ ասած, չի ստացվելու:
Պատերազմը տանուլ տված, Շուշին, Հադրութն ու Արցախի 75 տոկոսը «կիրթ» Ալիևին հանձնած թիմն այսօր ատամներով պահում է իշխանությունը՝ չի ցանկանում ականջալուր լինել հայ ժողովրդի արդար ցասմանն ու պահանջին՝ օր առաջ հեռանալ իշխանությունից, որպեսզի «խաղաղության դարաշրջան» մանիպուլյատիվ, կեղծ բանաձևի ներքո նորանոր զիջումներ չարվեն թուրք-ադրբեջանական ուժերին:
2018թ.-ից ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ՔՊ-ականներին՝ ինչու բանակը չի վերազինվել, չի պատրաստվել պատերազմին այնպես, որպեսզի 44-օրյա պատերազմը չավարտվեր այն աղետալի արդյունքներով, որոնք ամրագրվեցին Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթով: Եթե չլիներ ռուսական կողմի միջամտությունը, Գագիկ Մելքոնյանը անցյալով էր խոսելու ոչ միայն Շուշիի, այլ նաև Ստեփանակերտի և ողջ Արցախի մասին:
ՔՊ-ականները պետք է օր առաջ հեռանան, Արցախն ու Հայաստանը պետք է վերազինեն բանակն ու պատրաստ լինեն դիմագրավել ադրբեջանական նոր՝ հնարավոր ռազմական սադրանքներին: Ալիևի համար ղարաբաղյան հարց այլևս գոյություն չունի՝ ՔՊ-ականները դեռ չեն ցանկանում արտահայտվել՝ արդյոք Արցախը Հայաստան է, թե ոչ:
Վահրամ Բագրատյան