Շարունակվում են Երևանում տեղի ունեցած միջադեպի հանգամանքերը պարզելուն ուղղված գործողությունները. տուժած երիտասարդներից մեկը հիվանդանոցում մահացել է. ՔԿ

Շարունակվում են Երևանում տեղի ունեցած միջադեպի հանգամանքերը պարզելուն ուղղված գործողությունները. տուժած երիտասարդներից մեկը հիվանդանոցում մահացել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում շարունակվում են ձեռնարկվել քննչական և վարութային ակտիվ գործողություններ՝ նախօրեին Երևանում կատարված սպանության փորձի և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հուլիսի 13-ին՝ ժամը 01:05-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երևանի տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել Գյումրի քաղաքի 21-ամյա երկու և Երևան քաղաքի 20 և 19-ամյա բնակիչներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի Քանաքեռցու փողոցում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ երիտասարդները ստացել են հիշյալ վնասվածքները:

Այսօր ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից գրություն է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի 21-ամյա բնակիչներից մեկը, գիտակցության չգալով, ժամեր առաջ մահացել է հիվանդանոցում:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, տուժողներից մեկի մասնակցությամբ կատարվել են լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: