Ներքնակ ու զուգարանակոնք՝ երևանյան աղբամանների կողքին․ ո՞վ պետք է հավաքի այսօրինակ աղբը

Աղբահանության խնդիրը շարունակում է ակտուալ մնալ մայրաքաղաք Երևանում: Թվում է՝ բավականին կարգավորվել է խնդիրը, բայց արի ու տես, որ բացեր կան:
MediaHub-ն այսօր իր ընթերցողից ահազանգ է ստացել առ այն, որ մի քանի օր է իրենց բակում նույն պատկերն է՝ աղբամանի կողքին օգտագործված ներքնակ է շպրտած, սակայն աղբը հավաքելիս այն չեն տանում: Քաղաքացին հարց է հնչեցնում՝ իսկ ո՞վ պետք է այդ դեպքում այն հավաքի ու տեղափոխի:
MediaHub-ը Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեց՝ ո՞վ պետք է հավաքի նմանօրինակ, ոչ կենցաղային աղբը: Պարզվեց, որ թե՛ հին հեռուստացույց, թե՛ ներքնակ, թե՛ այլ ոչ կենցաղային աղբ՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը դրանցով չի զբաղվում։
«Կա՛մ Երևանի բնակիչը պետք է դիմի մասնավոր ընկերությունների, որոնք տանում են ոչ կենցաղային աղբը, կա՛մ բնակիչը սեփական միջոցներով տանի տվյալ աղբը աղբավայր»,– նշեցին քաղաքապետարանից։
Նաև տեղեկացրեցին, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկն այդպիսի ծառայություն չունի և այսօրինակ աղբը աղբամանի կողքը գցելը, փողոցում թողնելը օրենքի խախտում է։ «Կենցաղային աղբի աղբամանների կողքը որևէ այլ տեսակի աղբ թողնելը օրենքի խախտում է»,- հատուկ շեշտեցին կառույցից։
Այսպիսով, քաղաքացիները լուրջ խնդրի հետ են բախվում: Եթե, օրինակ, վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս մենք գիտենք, որ շինաղբը տեղափոխելու համար հատուկ ընկերությունների պետք է դիմենք, որոնց աշխատակիցները գումարի դիմաց՝ 10 000- 20 000 դրամից սկսած, տեղափոխում են այդ աղբը, ապա ի՞նչ անել, երբ, օրինակ, հեռուստացույցդ փչացել է, դու նորն ես գնել, այսինքն հինը մեկ այլ մարդու նվիրաբերել չես կարող: Որտե՞ղ թափել հին հեռուստացույցը, կամ կոտրված, հին կահույքը, կամ նմանատիպ այլ աղբ: Ստացվում է, որ հավելյալ ծախս է բացվում, քանզի աղբահանություն իրականացնող ընկերությունը, փաստորեն, այդ խնդիրը իր վրա չի ուզում վերցնել:
Եվ ստացվում է, որ յուրաքանչյուրս իրավախախտ ենք, քանզի տարին մի անգամ, ոնց էլ չլինի, մի հին, ոչ կենցաղային թափոն տանից կհանենք որպես աղբ:
Մարիաննա Արամյան