Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. ՌԴ-ին մերժելո՞ւց, թե՞ հակառակը

Այսօր դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, ապա նաև ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը: Բայց մինչ այս պահը հայտնի չէ` Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է այս երկու հանդիպումներին, թե ոչ:
MediaHub.am-ը դեռ մեկ ամիս առաջ էր դիմել վարչապետի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն հասկանալու գոնե այս անգամ Նիկոլ Փաշինյանը ներկայանալո՞ւ է ՌԴ-ում անցկացվող ղեկավարների հանդիպմանը, թե ոչ: Այդ ժամանակ մեզ պատասխանեցին, որ երբ ժամանակը գա, կիմանանք: Այսօր` դեկտեմբերի 25-ին, փաստորեն, դեռ այդ ժամանակը չի եկել. քիչ առաջ մենք նույն պատասխանը լսեցինք, որ ժամանակը գա, կիմանանք:
Գաղտնիք չէ, որ նման որոշումները մեկ ժամում կամ մեկ օրում չեն ընդունվում, ուստի հասկանալի չէ Փաշինյանի թիմի նման համառ և վախվորած լռությունը: Եթե մեր երկիրը ղեկավարող Փաշինյանը որոշել է չմեկնել, ապա գուցե այս լռությունը նրա համար է, որ հերթական քննադատական ալիքը որոշ ժամանակ էլ զսպեն, թեև ՌԴ-ն հստակ արձագանքները երբեք չի ուշացնում, ուստի կարող ենք ասել, որ այս լռությունն ինչ-որ առումով արդարացված չէ: Իսկ եթե մեկնելու է, ապա ո՞րն է այդ փաստը գաղտնի պահելու իմաստը: Գուցե Փաշինյանը վախենում է, որ ինչ-որ ուժեր կխանգարե՞ն իրեն կամ կքննադատեն, որ ՌԴ-ի հետ որևէ առնչություն է ունենալու այսքան ամիս փախեփախ անելուց հետո:
ՌԴ-ում արվող հայտարարություններից կարող ենք ենթադրել, որ Փաշինյանը կտրուկ «չէ» չի ասել, քանի որ Մոսկվայում դեռ հույս ունեն, որ ՀՀ առաջնորդը այս անգամ կմեկնի ՌԴ: Հատկապես, որ Հայաստանը ստանձնում է ԵԱՏՄ-ում նախագահությունը, իսկ նույն Ալեն Սիմոնյանը օրերս հայտարարեց, որ նաև ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շնորհիվ է մեր տնտեսությունն աճ գրանցում և կարծիք հայտնեց, որ ՀՀ-ն կստանձնի նախագահությունը:
Նարե Գնունի