Փոխքաղաքապետը դավեր է նյութում, որ վեր բարձրանա, ՄԻՊ-ն ու գլամուր իշխանական փարթիները. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․ Մինչ ընդդիմությունը քաղաքական թեժ աշուն է խոստանում եւ վստահեցնում, որ ակտիվ գործողություններ են վերսկսելու, տեղեկություններ կան, որ որոշ ուժեր, գործիչներ նոր ընդդիմություն ձեւավորելու ակտիվ վերադասավորումներ են նախաձեռնել: Քաղաքական կոնսուլտացիաներ են իրականացնում, այսպես կոչված, կենտրոնամետ ուժ ձեւավորելու ուղղությամբ, որը, իրենց հաշվարկով, առաջիկա ընտրություններին՝ լինեն հերթական, թե արտահերթ, մեծ շանսեր կունենա հաղթելու, քանի որ չի ասոցացվի ո՛չ ներկաների, ո՛չ նախկինների հետ: Այս ուժն իր առջեւ նախ խնդիր է դնելու՝ պատռել Հայաստանի պսեւդոարեւմտամետների դիմակը՝ հանրությանը ցույց տալով, որ դրանք Նիկոլ Փաշինյանի սպասարկուներն են եւ Հայաստանի թշնամիները։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կոնսուլտացիաներին մասնակցում են նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀԱԿ-ը, «Ապրելու երկիրը», Սուրեն Սուրենյանցը եւ նմանատիպ մի քանի ուժեր: Մեզ պատմեցին, որ անգամ Էդմոն Մարուքյանին են դիտարկել այս ալյանսում, բայց քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ նրա ներկայությունը կարող է վնասել՝ նոր միավորը կապելով Նիկոլ Փաշինյանի անվան հետ։ Բայց քանի որ դեռեւս որեւէ հստակ ֆորմատ չկա, ինչպեսեւ սպասելի էր, քաղաքական գործիչները միահամուռ հերքեցին կոնսուլտացիաների մասին տեղեկությունը։ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասաց, որ նման ֆորմատ չկա, Դավիթ Անանյանն էլ, թե՝ տեղյակ չէ։ Էդմոն Մարուքյանն էլ հայտնեց, որ ՀԱԿ-ի հետ պարբերաբար հանդիպումներ ունենում է․ «Երկուսս էլ ԱԼԴԵ-ի անդամ ենք` այդ ֆորմատով, իսկ մյուսների հետ չեմ հանդիպել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական խարդավանքները միշտ ուղեկցել են տարբեր ժամանակների իշխանական թիմի ներկայացուցիչներին, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ խարդավանքները հատկապե՛ս ընդգծված են:
Արմեն Փամբուխչյանի անունն այդ համատեքստում հաճախ է շրջանառվում: Քաղաքական կուլիսներում պարբերաբար շրջանառվում են տեղեկություններ առ այն, որ Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պարբերաբար դավեր է նյութում թիմի ներսում, որ ամեն գնով Երեւանի քաղաքապետ դառնա:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին հասկանալու համար՝ ճիշտ են այն տեղեկությունները, որ նա դավեր է նյութում թիմի ներսում, որպեսզի դառնա քաղաքապետ:
Հարցին ի պատասխան՝ Փամբուխչյանն ասաց. «Իմ ամբողջ կյանքի թե՛ աշխատանքային, թե՛ քաղաքական գործունեության ընթացքում, մասնավոր թե պետական, որեւէ մեկի դեմ դավեր չեմ նյութել, առավել եւս՝ թիմակիցների, մասնավորապես՝ ընկերների նկատմամբ։ Դա իմ խառնվածքը եւ գործելաոճը չէ»:
Փամբուխչյանը, իհարկե, ջերմորեն շրջանցեց կոնկրետ հարցադրումը, սակայն ՔՊ թիմի գործելաոճն այլ բան է փաստում։ Ակնհայտորեն սերտաճելով տեղական գործարարների կամ, այսպես ասած, «նախկինների» հետ, Արմեն Փամբուխչյանն իր բարեկեցության հարցերն է կարգավորում եւ թոշակառու հոր համար 102 միլիոն դրամի սուբսիդիա ապահովում՝ էլի «նախկինների» հովանավորյալ գործարարների երաշխավորությամբ»:
«Հրապարակը» գրում է․ Աննա Հակոբյանը սիրում է պաշտոնյա կանանց հետ երեւալ: Վերջերս Գլխավոր դատախազի ու ՄԻՊ-ի հետ ինչ-որ ճաշկերույթի էին, ինչը հատկապես` անկախ համարվող ՄԻՊ-ի դեպքում բուռն քննարկումների տեղիք տվեց:
Երեկ Անահիտ Մանասյանը փորձել է բացատրել․ «Սոցիալական եւ պաշտոնական միջոցառումներ բոլոր պետություններում տեղի են ունենում եւ բոլոր պաշտոնատար անձինք շատ հաճախ․․․ հավաքվում են եւ միասին մասնակցում»։ Ապա հորդորել է դիմել դատախազին` կա՞ «շահերի բախում»: Բայց երբ չես կատարում առաքելությունդ` որպես մարդու իրավունքների պաշտպան, հայտնվում ես գլամուր իշխանական փարթիներին, ակնհայտ է, որ օրենք ես խախտում եւ կարիք չկա դիմելու որեւէ մեկին՝ ինչ-որ բան ճշտելու: