«Շատ դժգոհ ենք, հետևություններ ենք անելու». Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

«Շատ դժգոհ ենք, հետևություններ ենք անելու». Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

ՀԱՊԿ-ից շատ դժգոհ ենք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք շատ դժգոհ ենք, այն ակնկալիքները, որոնք կային, չեն արդարացվում։ Մենք շատ երկար չենք կարողանալու մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի անում այն, ինչը նախատեսված է։ Մենք դրանից հետեւություններ ենք անելու եւ անում ենք։ Մենք հիմա էլ ենք սպասում։ Պատկերացրեք, մենք ունենք ատրճանակ, որը չի կրակում, մենք դրանով առնվազն կարող ենք հարվածել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը, որ դա նաեւ ուղիղ հարաբերություն է Ռուսաստանի Դաշնության հետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եվ մենք ունենք Ռուսաստանի հետ փոխօգնության պայմանագիր։ Մեր ռուս գործընկերներից նույնպես ակնկալում ենք շատ ավելի շոշափելի քայլեր ոչ թե հայտարարությունների մակարդակով կամ կցկտուր ինչ-որ կիսատ խոսքերի մակարդակով։ Ես իմ անհամաձայնությունն եմ հայտնում, որ իրենց հանրային հեռուստաընկերությունը օրինակ՝ ցույց է տալիս ռեպորտաժներ, որտեղ որ Հայաստանի ղեկավարության հանդեպ հնչում են սադրիչ հայտարարություններ։ Անկեղծ չենք հասկանում, թե ինչ մարտավարություն է»։