«Որդիս վաղը տանը կլինի, ուրախությունից բառերս կորցրել եմ»․ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի մայր

Որդիս վաղը տանը կլինի, վաղը ժամը 5-ին նրան ազատ կարձակեն։ Այս մասին այօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանի մայրը՝ Զառա Սարդարյանը։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ԱԱԾ ծառայողները ներխուժել էին դատարանի շենք և ձերբակալել փաստաբան Էրիկ Ալեքսանյանին և դատավոր Արուսյակ Ալեքսանյանին։ Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ: Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։
Իսկ երեկ արդեն Էրիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատավոր Արշակ Մաթևոսյանը մերժեց:
«Այս օրերին բոլորը մեր կողքին էին ու ես բոլորից շնորհակալ եմ, Էրիկի գործընկերները, դուք, մեր հարազատները ու սա ևս մեկ անգամ ապացույցն էր այն բանին, որ իմ որդին արդար է։ Չեմ կասկածել, որ արդարությունը կհաղթի։ Իհարկե, տեղի ունեցածը դժվար է մոռանալ, բայց հավատացել եմ, որ Էրիկս ազատ կարձակվի։ Ուրախությունից բառերս կորցրել եմ»,-ասաց մայրը։
Լիաննա Թորոսյան