Արարատ Միրզոյանն Արցախի հարցում փոշմանե՞լ է․ լղոզված պատասխաններ ԱԳՆ-ից

Արարատ Միրզոյանն Արցախի հարցում փոշմանե՞լ է․ լղոզված պատասխաններ ԱԳՆ-ից

Այն, որ ՀՀ իշխանությունը հրաժարվել է Արցախից և նրա անվտանգության երաշխավորը լինելուց, մեկ անգամ չէ, որ բարձր հարթակներից իշխանության տարբեր ներկայացուցիչների շուրթերով լսել ենք։

Հետաքրքիր, միևնույն ժամանակ՝ ցավալի է, որ հայկական երկրորդ պետությունից հրաժարվում են նաև այն պաշտոնյաները, որոնք դեռ երկու տարի առաջ հայտարարում էին՝ Արցախը կորցնելով, թշնամուն ենք թողնելու նաև Մեղրին ու Երևանը։ Արցախը հայկական պահելու ամենահիշվող ու վերջերս էլ կրկին սոցցանցերում շրջանառված հայտարարություններից մեկն արել էր ներկայիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին նա գրել էր Facebook-ի իր էջում․

«Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը։ Պիտի կանգնենք, այլ տարբերակ չկա։ Մի անգամ պիտի կանգնենք մինչև վերջ»։

Հիմա՞ էլ է այդպես մտածում Միրզոյանը․ MediaHub.am-ը փորձեց պարզել՝ ԱԳ նախարարի անունով հարցում ուղարկելով։ Ստորև ներկայացնում ենք մեր հարցերն ու ստացված պատասխանը։

- Հիմա է՞լ եք պնդում, որ Արցախը կորցնելով՝ զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը։ Եթե այո, դուք ունեք նույն դիրքորոշումը, ապա ինչպե՞ս եք վերաբերում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունելուն և Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն։ Եվ եթե փոխվել է Ձեր դիրքորոշումն, ապա խնդրում եմ նշել՝ ինչի՞ց ելնելով։

- Տեղեկացնում ենք, որ հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերի, ինչպես նաև այլ խնդիրների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ դիրքորոշումները ամբողջությամբ արտացոլված են դրանց արդյունքում հրապարակված ԱԳՆ պաշտոնական հաղորդագրություններում, ելույթներում և մեկնաբանություններում։

ԱԳՆ պատասխանից կարող ենք եզրակացնել, որ Արարատ Միրզոյանը կարծիքը փոխել է, քանի որ որևէ հստակ հայտարարություն, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, նրա կողմից չի հնչել։ Առավել ևս, պաշտոնական հաղորդագրություններին հղում անելով, նման դիրքորոշում չի հնչել ադրբեջանցի և թուրք իր գործընկերների հետ վերջին շրջանում հաճախակիացած հանդիպումներում:

Ի դեպ, ընդդիմությունը հաճախ է նրան մեղադրել այն բանի համար, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունը գլխավորող Միրզոյանը խուսափում է հնչեցնել այդ միտքը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Միևնույն ժամանակ, հանուն արդարության, պետք է նշել, որ նա արցախցիների ինքնորոշման իրավունքի մասին հաճախ է բարձրաձայնել։

Նարե Գնունի