Ալիևի պահանջներն ավելանում են, Ալեն Սիմոնյանը հարսի գործով դատավորին ծաղիկներ է ուղարկել. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարսի նկատմամբ հարուցված քրեական գործը կքննի «ոչ պատահական» դատավոր։
Նա նախկինում աշխատել է Ալեն Սիմոնյանի հետ, ու այժմ Սիմոնյանը ծաղիկներ է ուղարկել նրան` հասկացնելով, թե սխալ էր արել, երբ կալանավորեց իր հարսին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրոջ ու այլ անձանց մասով գործը մակագրվել է հենց նույն` Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին, որը քաղաքական իշխանության հետ ուղիղ կապ է ունեցել։
Դատավոր Մերի Մոսինյանը 2019 թվականից աշխատանքի է անցել ԱԺ-ում, բարձրացել կարիերայի աստիճաններով՝ հասնելով մինչեւ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետի պաշտոնին։ Հենց այդտեղից էլ անցել է իր հաջորդ աշխատանքին՝ նշանակվելով ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:
Արդյունքում, երբ այս գործի շրջանակում կալանավորեցին Ալեն Սիմոնյանի հարսին, 168.am-ը տեղեկություններ հրապարակեց, որ Սիմոնյանը ծաղիկներ է ուղարկել դատավորին` «հասկացնելու» նրա սխալ քայլը։
Այսինքն՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ցույց տալու համար, որ Մերի Մոսինյանը սխալ էր, իրենք՝ ճիշտ, վերջինիս ծաղրելու համար նրան ծաղիկներ է ուղարկել:
Մերի Մոսինյանը, սակայն, չի գնահատել իր նախկին ղեկավարի ժեստը, ու, ըստ 168.am-ի, դիմել է Հակակոռուպցիոն դատարանի նախագահին՝ Խաչիկ Ղազարյանին՝ Ալեն Սիմոնյանի արարքը գնահատելով որպես ճնշում դատավորի վրա:
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, եւ նա տեւական ժամանակ կալանքի տակ էր ու վերջերս ազատ արձակվեց։ Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայություն ձեռք բերելու մրցույթի ընթացքում՝ կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով՝ քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ։
Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ՝ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը եւ նրանց օժանդակությամբ՝ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով ընկերությանը հեռացնել մրցույթից:
Սույն քրեական գործով մեղադրյալ էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, որը խոստովանեց, որ հանցանք է գործել, ու գործուն զղջալու հիմքով՝ նրա եւ եւս մի քանի անձի մասով գործը կարճվեց, իսկ ահա, հայտնի հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրը՝ «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ նախկին նախարար Վահան Քերոբյանը դեռ կռիվ կտան դատարանում»»:
«Հրապարակ» թերթը գրում է. Շաբաթ օրը օկուպացված Շուշիից Ադրբեջանի նախագահի հայտարարություններից պարզ դարձավ, որ, հակառակ ՀՀ իշխանությունների հավաստիացումներին, թե խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ է, առնվազն առաջիկա 2 տարում դա չի կայանա։
Բանն այն է, որ Ալիեւը պայմանագրի ստորագրման նախապայման է առաջ քաշել ՀՀ Սահմանադրությունը փոխելը, իսկ Փաշինյանը սահմանադրական բարեփոխումների խորհրդին հանձնարարել է նոր սահմանադրության հայեցակարգը ներկայացնել 2026-ի դեկտեմբերին:
Մյուս նախապայմանը 30 տարուց ավելի ղարաբաղյան խնդրով զբաղվող Մինսկի խմբի լուծարումն է։
«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին քաղաքացիները «Փաստին» ահազանգում են, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ չի գործում ազատ պետհամարանիշների առկայության ստուգման հարթակը: 2015 թ.-ին գործարկված հարթակի միջոցով քաղաքացին հնարավորություն ունի պարզելու, թե արդյո՞ք կարող է ձեռք բերել իր նախընտրելի պետհամարանիշը և ինչ գնով:
2018 թվականից հետո այս հարթակի հետ սկսեցին որոշակի խնդիրներ առաջանալ. նախ՝ ինքնին հարթակը գտնելը բավական բարդ էր, ապա սկսեցին տեխնիկական բարդություններ առաջանալ՝ կապված յուրաքանչյուր փնտրման համար հավել յալ «անվտանգային կոդի» առկայության հետ: Հիմա էլ, ահա, մոտ մեկ շաբաթ այն չի գործում:
Նշենք, որ խոսքը չի վերաբերում առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների աճուրդին: Խնդրի վերաբերյալ «Փաստը» դիմեց ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությանը, որտեղից տեղեկացրեցին, որ ինտերնետային խափանումներից հետո խնդիրներ կային Ճանապարհային ոստիկանության կայքի հետ առհասարակ, որոնք կարգավորվել էին:
Խոստացան հետամուտ լինել նաև մեր բարձրաձայնած խնդրին ու հնարավորինս կարճ ժամկետում կարգավորել նաև ազատ պետհամարանիշների առկայության ստուգման հարթակը: Թերթը տպագրության ուղարկելու պահին նշյալ հարթակը դեռևս չէր աշխատում: