Վանդալիզմը շարունակվում է. արմատախիլ են արվել քաղաքապետարանի առջև եղևնիներն ու դալար տնկիները

Հրապարակված տեսանյութն այն մասին է, թե ինչպես են հատվել ու արմատախիլ արվել Երեւանի քաղաքապետարանի առջեւի պուրակի նորատունկ եղեւնիներն ու դալար տնկիները։ 

Բնապահպանական բարեփոխումների անվան տակ Երեւանի քաղաքապետարանը «վանդալիզմի» է ենթարկում մայրաքաղաքի բնությունը։ Իբրեւ նոր, ավելի կենսունակ ծառեր տնկելու, աշխատանքի իմիտացիա ստեղծելու համար Երեւանում այս օրերին հատվում են մայրաքաղաքի հնաբնակ ծառերը։ 

Քաղաքապետարանի պարզաբանմամբ՝ Երեւանի փողոցներում տնկված ծառերը 70-100 տարեկան են, որոնց մի մասն, ըստ քաղաքական ինտրիգների հորձանուտում հայտնված կառույցի, ունեն տարբեր հիվանդություններ:

«Քաղաքի կանաչ ֆոնդն առողջացնելու համար «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը մեկնարկել է կենսունակության ավարտին մոտ եւ կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերի փոխարինումը՝ նոր առավել արժեքավոր ու գեղատեսիլ ծառերով»,-ասված է հիմնավորման մեջ։ Աբսուրդն այն է, որ եթե Կասկադի ծառերի դեպքում որոշները իրապես անկենսունակ էին թթվածին արտադրելու եւ, ըստ էության, մարդկությանը ծառայելու համար, ապա քաղաքապետարանի առջեւից հանված եղեւնիները տնկվել էին 2-3 տարի առաջ։ 

Բայց, բնականաբար, կառույցը շարունակում է արդարացնել իր ցանկացած գործողություն բարի մտադրություններով, թեև հայտնի է, որ հենց դրանցով է հարթված ճանապարհը դեպի դժոխք:

Քաղաքապետարանի լրատվության բաժնից Տարոն Գեւորգյանն ասում է՝ այդ հատվածում սեզոնային թփեր էին, հեռացվել են՝ ծաղկային նոր ձեւավորում անելու համար։ Հիշեցրեցինք, որ այդ հատվածում նաեւ նորատունկ եղեւնիներ էին տնկված, ինչո՞ւ են հանվել, պարզաբանեց, թե դրանք տեղափոխվել են Կարապի լճի հարակից տարածք։ 

«Ոչ մի բան արմատախիլ չի արվել, ընդամենը տեղափոխվել են, քանի որ այս հատվածում մենք նախատեսում ենք ծառաթփային եւ ծաղկային ձեւավորում։ Հատվել է թվով 2-3 ծառ, որոնք մասնագիտական եզրակացությամբ համարվել են անկենսունակ։ Դրանց փոխարեն կտկնվեն նոր ծառեր։ Հատվել են այն նույն տրամաբանության մեջ, ինչ այս օրերին հատվում են մայրաքաղաքի մյուս ծառերը»,-ասաց Գեւորգյանը։

Մեզ մնում է հիշեցնել, որ Երևանում ծառերի քանակը քաղաքապետարանի «բարի մտադրությունների» ավելացմանը զուգահեռ շարունակում է նվազել, ինչից տուժում է առաջին հերթին հենց երևանցին, ում էլ ծառայելու համար այդ կառույցը ֆինանսավորվում է քաղաքացիներիս գրպանից...

Լիա Սարգսյան