Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ճանապարհը բեռնատարների համար դեռ փակ է

Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ճանապարհը բեռնատարների համար դեռ փակ է

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Ճանապարհի այդ հատվածում այժմ ձնամաքրման աշխատանքներ են տարվում։ Այս հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով և մեկ ուղիով, հերթականությամբ բաց կթողնվի մի ուղղության հոսքը և հետո մյուսը և այդպես շարունակ: Բեռնատարների համար ճանապարհը դեռևս մնում է փակ»,– ասել է կցորդը:

Նա ընդգծեց, որ նոր տեղեկություն լինելուն պես դրա մասին լրացուցիչ կհայտարարվի:

Հիշեցնենք` նոյեմբերի 20-ին տեղեկություն էր տարածվել, որ Վերին Լարսի անցակետի մոտ հսկայական խցանում է առաջացել վատ եղանակի պատճառով։ Վահան Հակոբյանն էլ ընդգծել է, որ ավելի քան 850 հայկական բեռնատար թե՛ ՌԴ–ի, թե՛ Վրաստանի ուղղությամբ այս պահին Վերին Լարսի անցակետում սպասում է ճանապարհի բացմանը։