Գուրգեն Արսենյանի յուրահատուկ նվերը՝ Ադրբեջանին 

Գուրգեն Արսենյանի յուրահատուկ նվերը՝ Ադրբեջանին 

Վերջերս Ռուսաստանում Հայաստանի դեսպան նշանակված Գուրգեն Արսենյանը, որ նախկինների օրոք «պալատական ընդդիմադիր» էր աշխատում, հետո իշխանափոխություն եղավ, ու որոշեց Նիկոլի մոտ էլ «պալատական նիկոլական» աշխատել, իր դեսպան դառնալը որոշել է նշանավորել Ադրբեջանին հատուկ ժեստ անելով։ 

Արսենյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, որը Ադրբեջանի անկախության վերականգնման օրն է, Մոսկվայում՝ որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, միջոցառում է կազմակերպել՝ նվիրված Հայաստանի Անկախության օրվան։ Պատկերացրիք, չէ՞, Արսենյան Գուգոն՝ Հայաստանի նորանշանակ դեսպանը Ռուսաստանում, որոշել է «չերեզ» Մոսկվա յուրահատուկ լավություն անել Բաքվին, որը սիմվոլիզմի սիրահար է, օրինակ՝ քծնել պաշտոնական Բաքվին կամ սեպտեմբերի 21-ին հռչակված Հայաստանի անկախությունը ստորադասել այն աստիճան, որ այն Մոսկվայում նշի հոկտեմբերի 18-ին՝ Ադրբեջանի անկախության օրը։ Դրանով, թերևս, Գուրգեն Արսենյանը յուրահատուկ մեսիջ է հղում իր «բարեկամ» Ադրբեջանին, որ ինքն ու իրեն դեսպան ուղարկած իշխանությունը մտադիր են վաղը Հայաստանի և Ադրբեջանի անկախության օրերը մեկտեղել ու նշել նույն օրը, և այդ նույն օրը չի լինի Հայաստանի Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ը, այլ կլինի հենց իրենց բարեկամ Ադրբեջանի անկախության օրը՝ հոկտեմբերի 18-ը։ 

Հարց է առաջանում՝ Գուրգեն Արսենյանը չգիտե՞ր կամ չէ՞ր կարող իմանալ, որ հոկտեմբերի 18-ը պատահական օր չէ՝ Ադրբեջանի անկախության օրն է, և որ այդ օրը, մեղմ ասած, պատշաճ չէ նշել Ադրբեջանի կողմից մշտական թշնամի հռչակված Հայաստանի անկախության օրը։ Իհարկե, գիտեր կամ առնվազն կարող էր իմանալ իրեն ինտելեկտուալ համարող և իր «ինտելեկտով» տարիներ շարունակ Ազգային ժողովում «գլուխ արդուկած» Գուրգեն Արսենյանը։ Հետևաբար, մյուս հարցն է առաջ գալիս՝ ինչո՞ւ է նոր-նոր ՌԴ-ում դեսպան նշանակված Գուրգեն Արսենյանը որոշել հենց այդ օրը նշել Հայաստանի Անկախության օրը, որը մշտապես կասկածի տակ է դրել այսօր իր անկախության օրը նշող Ադրբեջանը։ Չէ՞ր կարող, արդյոք, պարոն Արսենյանը որևէ այլ օր կազմակերպել այդ միջոցառումը, եթե նույնիսկ հետո է գլխի ընկել կամ հետո են իրեն գլխի գցել, թե հոկտեմբերի 18-ն ինչ օր է։ Մոսկվայում միջոցառումներ անցկացնելու էլ ուրիշ հարմար օր չկա՞ր, ամբողջ երկրով մեկ միայն այդ օ՞րն էր հարմար Հայաստանի Անկախության օրը նշելու համար։ Թե՞ հենց Գուրգեն Արսենյանին ու իրեն դեսպան ուղարկած իշխանություններին էր հարմար այդ օրը։ 

Տրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը՝ ի դեմս Գուրգեն Արսենյանի, կարող էին այլ՝ ավելի պատշաճ օր ընտրել Հայաստանի Անկախության օրը նշելու համար, բայց հենց այս օրն են ընտրել և դա արել են հատուկ՝ իրենց քծնանքն ու հավատարմությունը, իրենց ստրկամտությունն ու հպատակությունը հերթական անգամ արտահայտելով իրենց «եղբայրական» Ադրբեջանի նկատմամբ։ Ու դրա համար դեռ մի բան էլ նաև Հայաստանից տարբեր գործիչների են հրավիրել, որ գնան Մոսկվա և Ադրբեջանի անկախության օրը խմեն Հայաստանի Անկախության կենացը։ 

Վահե Մակարյան