Միքայել Արզումանյանը մեղավոր է «հռչակվել», որ որոշ մարդկանց «դեմքը սպիտակեցնի»․ փաստաբան

Միքայել Արզումանյանը մեղավոր է «հռչակվել», որ որոշ մարդկանց «դեմքը սպիտակեցնի»․ փաստաբան

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանի կալանքը ևս երեք ամսով երկարաձգելու հարցը դատարանը քննում է դռնփակ ռեժիմով։ Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նկատեց՝ գործի դռնբաց քննումն իր համար կարևոր է, ուստի ինքը միջնոդրություն է ներկայացրել՝ դռնբաց նիստ անցկացնելու համար։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար։

Երեմ Սարգսյանի խոսքով՝ իրեն առաջադրված մեղադրանքով Արզումանյանն ուղղակի մեղավոր է «հռչակվել»՝ այլ անձանց դեմքը պարզեցնելու համար։

Նշենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության, նախկին բարձրաստիճան զինվորականը պատերազմի վերջին տասն օրերին՝ Շուշիի պաշտպանության ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ, ինչի հետևանքով հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքն ու մատույցները, հայկական կողմն ունեցել է զոհեր և վիրավորներ։

Թե կոնկրետ ո՞ւմ երեսն է պարզեցնում Միքայել Արզումանյանը, փաստաբանը խոստացավ հայտնել ավելի ուշ։

«Ինչ վերաբերում է Արեգա սարի դրվագին, ասվում է, թե իբր հակառակորդը Արեգա սարը գրավել է, ապա հակագրոհով հետ են բերել, իսկ հանկարծ, ինչ-որ պայմաններում հայտնվում է Միքայել Արզումանյանը, որը ասում է՝ հետ եկեք։ Պնդում եմ՝ Արեգա սարը հետ չի գրավվել։ Այդ պնդումներն իրենց ապացույցներով քրեական գործում կան։ Այնտեղ որոշակի հաջողություններ եղել են յուրային ստորաբաժանումների կողմից, բայց հետ չի գրավվել»,- նկատեց Երեմ Սարգսյանը։