ՀՀ և Արցախի իշխանությունների կապն ուղիղ և ակտիվ է. Բադասյան

ՀՀ և Արցախի իշխանությունների կապն ուղիղ և ակտիվ է. Բադասյան

Արցախի նախագահի խորհրդական Վահան Բադասյանը վստահ է՝ Ադրբեջանում հասկանում են, որ իրենց չի հաջողվի տիրանալ Արցախին ո՛չ միջազգային նորմերով, ո՛չ ուժի կիրառմաբ, ո՛չ փորձելով խաղալ արցախահայության կամքի հետ:

MediaHub-ի հետ զրույցում Բադասյանն անդրադարձավ վերջին զարգացումներին ու սպասելիքներին:

-Պարոն Բադասյան, օրերս Բայրամովը հայտարարել է, որ ՀՀ հետ բանակցություններից առաջ մերժել է լրացուցիչ երաշխիքներ տալ ԼՂ էթնիկ հայերին։ Սա նշանակում է, որ Բաքուն որևէ կարգավիճակ Արցախին տալ չի պատրաստվում։ Ի՞նչ է լինելու և ո՞վ է, այս դեպքում, արցախցիների անվտանգության երաշխիքներ տալու։ 
- Բայրամովները, բոլոր տիպի և տեսակի ազերիները (թուրքերը) փաստորեն մեր թշնամեներն են. սա հստակ պիտի ֆիսենք ու իմանանք, որ թշնամի են և նպատակ են դրել հայրենի տարածքները գրավել, մեզ ոչնչացնել ու շատ բնական է, որ իրենք չեն կարող ու չեն էլ տա լրացուցիչ երաշխիք, առավել ևս կարգավիճակ։ Ամենահուսալի երաշխավորը կա և կմնա հայերիս պետությունն իր հարազատ բանակով, զինվորով, սեփական զենքով. սրանք լոկ միայն բառեր չեն, այլ իմաստալից խոսքեր են, մեր պատմության փորձից։ 

- ՀՀ-ն պնդում է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին, սակայն ինչպե՞ս բանակցել մեկի հետ, ով հստակ էթնիկ զտման քաղաքականություն է վարում ու չի թաքցնում այդ մտադրությունը։ 

-ՀՀ-ն արդեն իսկ ստեղծված իրավիճակում ամեն կերպ փորձում է ու պիտի շարունակի պնդել, որ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկոխություն լինի թշնամու հետ, որպես այլընտրանք ուժի լեզվով խոսելն է։ Սա կլինի միջազգային ուժերի կենտրոնների ճնշման ներքո։ Ադրբեջանն ի վերջո պիտի դա ընդունի, ուզի, թե չուզի, իսկ դրան հասնելու համար ժամանակ է պետք։ Պարզ է, որ դեռ չի ուզի, դեռ իր ձևով է փորձում։ Արցախը միշտ պատրաստ է երկխոսության, սակայն Ադրբեջանը չի ուզում, քանզի հենց սկսեց երկխոսությունը, կնշանակի, որ ընդունում է Արցախը, որպես իրողություն իր էթնիկ, բնիկ հայ բնակիչներով, որը միավոր է, միջազգային սուբյեկտ։ Սա թշնամու ցանկությամբ չէ և ասում է՝ երկխոսությունը պիտի լինի միմիայն ինտեգրացման օրակարգով, իսկ դա աբսուրդ է։ Այսինքն ասում է, գլուխդ դիր սատորին ու ասա վիզդ ինչով կտրեմ, կացնով թե սրով։ Սրանից էլ երևում է Ադրբեջանի խիստ ագրեսիվ, ատելությամբ լեցուն հայատյաց հոխորտալից վերաբերմունքը, այնքան են ատում, որ չեն էլ թաքցնում։ Իսկ մենք ասում ենք, որ օրակարգը պիտի լինի բնական, տրամաբանական, այսինքն առարկայական, իրավիճակային՝ թե՛ մեզ, թե՛ ողջ աշխարհին ու հատկապես միջազգային ուժերի հավաքական կենտրոններին, բևեռներին պարզ հասկացնում են։ Ադրբեջանը հասկանում է, որ նաեւ կա աշխարհակարգով սահմանված անխտիր բոլոր նորմերով ու կարգով, փաստերով Արցախ իր բնիկ ու էթնիկ հայ բնակիչներով, որոնք իրավունք ունեն ինքնորոշման, և դրա համար է ամեն բան անում, որ Արցախում ապրողներիս փորձի կոտրի, տանջի , սովի մատնի, սպառնա, հոգեբանական տարբեր գործոններով ազդի և այլ բաներ, ինչ այսօր անում է. սրանց բոլոր ջանքերը մատնված են անհաջողության, քանզի հարցերի նման լուծում եղել է գուցե միջնադարում, թեկուզ մեկ դար առաջ: Բայց ներկայումս առկա աշխարհակարգային պայմաններում, երբ ուժեղը չի կարող հարձակվել ու ասել, որ սա իմ հողն է, կոտորում եմ ձեզ, կսպանեմ և նման բաներ, այդ ամենը մատնված է անհաջողության.  դե թող փորձի։

- Այս ընթացքում որևէ բանակցություն, որևէ հանդիպում իր արդյունքը տվե՞լ է։

- Այս ընթացքում դեռ որևէ բանակցություն իր արդյունքը չի տվել, տոտալ շրջափակումը մինչ երկու օր առաջ կար, գիտեք, երկու օր առաջ մեր իշխանությունների միջնորդությամբ, ռուսական կողմի ջանքերով մեկ տարեկան ծանր հիվսնդ երեխային հաջողվեց տեղափոխել Երևան։ Ադրբեջանական կողմը ստիպված էր Կարմիր խաչին թուլ տալ, որպեսզի ապօրինի անցակետով ծանր հիվանդներին տեղափոխի Երևան և դեղեր բերի Արցախ։

- Ի՞նչ է պատրաստվում անել Արցախի Կառավարությունը, երբ սպառնալիքները ուղիղ են և անզիջում, իսկ շրջափակումը օր օրի սաստկանում է։

-Արցախի Կառավարությանը նման իրավիճակում, դեպքերի անկանխատեսելի զարգացման, արագ փոփոխման պայմաններում ոչինչ չի մնում անելու, բացի քննարկելու բոլոր առկա քաղաքական ուժերի հետ և որոշումներ կայացնելու տվյալ իրավիճակին համապատասխան և դա արվում է. դա Անվտանգության խուրհուրդն է, որի կազմում բոլոր խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերն են և ուժային, տնտեսական պատկան մարմինների պատասխանատուները։ 

-Ինչու, ըստ Ձեզ, ՀՀ և Արցախի իշխանությունների երկխոսությունը տոսանելի չէ, կարծես կապը խզվել է։ Արդյոք սա ևս Բաքվի պահանջ է` իրարից կտրել երկու հայկական պետությունները նաև դիվանագիտական մակարդակում։ 

-ՀՀ և Արցախի իշխանությունների կապն ուղիղ և ակտիվ է, այն տեսանելի ու հրապարակային չէ ու ճիշտը դա է, այն չի կտրվի, որքան էլ դա թշնամի Բաքուն ցանկանա եւ պահանջի։ 

-Արարատ Միրզոյանը մեկնեց Վաշինգտոն՝ բանակցելու Բայրամովի հետ: Ի՞նչ սպասելիքներ ունեք այս բանակցություններից: 

-Էական ոչ մի սպասելիք էլ չկա Միրզոյան-Բայրամով վաշինգտոյան հանդիպումից, սակայն էականն այն է, որ Արցախի հարցը նման հանդիպումներում էլ ավելի է միջազգայնացվում, այսինքն, որ կա կոնֆլիկտ, պրոբլեմ ու հարկավոր է այն լուծել: Լուծման համար պետք են հանդիպումներ, որքան այդ հանդիպումներում լուծում չգտնվեն, այնքան լուծման իրական, բնական, տրամաբանական քայլից հրաժարվողը ի վերջո տանուլ է տալիս, իսկ դա պարզ է, որ Ադրբեջանը ներկայացնողն է, քանզի հայկական կողմը միջազգային ու ներկա աշխարհակարգի բոլոր կանոններով իրավունք ունի Արցախում ապրելու, արարելու ինքնորոշման սկզմունքով։ Արցախի վրա տարածքային ամբողջականության պահպանման սկզմունքը չի կարող աշխատել. դա աշխատում է Մոսկվայի, Բեյրութի, Հալեպի, Գլենդելի, Կրասնոդարի, Օտտավայի, Լիոնի, Սիդնեյի, Աշխաբադի և այլնի դեպքում։ Գրեթե ողջ աշխարհում ապրող, արարող հայերի համար, ովքեր իրավունք ունեն ազատ ապրելու, ստեղծելու, բայց միայն տվյալ երկրի օրենքների ու սահմանադրության սահմաններում, այս երկներում ապրող հայերն իրավունք չունեն հավաքական որոշեն, թե ինչ օրենքով ապրեն, որովհետև հայերի հայրենիքը չեն, դրանք հայերի համար գաղթօջախներ են, որոնք առաջացել են հատկապես մեկ դար առաջ նույն մշակույթի տեր, նույն ցեղի՝ թուրքերի հանցավոր արարքի հետևանքով և մեղքով։ Այսքանը պարզ է ադրբեջանական կողմին, նրանք հավանաբար հասկանում են, որ իրենց չի հաջողվի տիրանալ Արցախին թե՛ միջազգային նորմերով, թե՛ ուժի կիրառմաբ, թե՛ փորձելով խաղալ մեր կամքի հետ:

Լիաննա Թորոսյան