Գեղամ Ստեփանյանն ու Արցախի ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն

Գեղամ Ստեփանյանն ու Արցախի ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն

Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա առթիվ ապրիլի 4-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում գործող աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն։ Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ-ի գրասենյակից։

Պաշտպանը ծանոթացել է կենտրոնի ընդհանուր պայմաններին, երեխաների բուժման ընթացքին և նրանց առօրյային, ինչպես նաև զրույց ունեցել կենտրոնի մասնագետների հետ:

Այցի ընթացքում վեր են հանվել աուտիզմի համախտանիշ ունեցող երեխաների՝ հասարակության մեջ ինտեգրվելու, ինչպես նաև նրանց իրավունքների պատշաճ իրացմանն առնչվող այլ խնդիրներ։

Քննարկվել են համագործակցության շրջանակներում խնդիրների համակարգային լուծմանն ուղղված հնարավոր քայլերը:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի անձնակազմին հոգատար և նվիրված աշխատանքի համար։