Արցախցի մարզիկը նոկդաունի է ենթարկել ադրբեջանցի բռնցքամարտիկին

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում Հայաստանի բռնցքամարտիկների կազմը շարունակում է իր հաղթական մարտերը։ 57 կգ քաշային կարգում արցախցի Էրիկ Առստամյանը երեկ մրցագորգ է դուրս եկել ադրբեջանցի բռնցքամարտիկի հետ։ Մարզիչ Նարեկ Աբրահամյանը MediaHub-ին ասաց, որ նախորդ 3 հաղթանակից հետո ջախջախել է ադրբեջանցի մարզիկին։
«Մենք շատ անհանգիստ էինք, բայց և վստահ, որ հաղթանակը մերն է լինելու։ Էրիկը նախորդ մարտերում հաղթել էր Թուրքիայի, Վրաստանի և Լատվիայի մարզիկներին։ Նա 3 անգամ նոկդաունի ենթարկեց ադրբեջանցի Թաղի Նասիբովին և դուրս եկավ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ։ Ցանկացած մարզիկի համար ամենամեծ պատիվը հաղթանակն է, քո երկրի դրոշի ծածանումը, առավել ևս, որ մրցագորգում հաղթում ես թուրք կամ ադրբեջանցի մարզիկին»,- նշեց մարզիչը:
Նշենք, որ Բուդվայում ընթացող բռնցքամարտի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 13 մարզիկներից 3-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ։ Մարզիչ Նարեկ Աբրահամյանը վստահեցնում է, որ Հայաստան կվերադառնան հաղթանակով։
Հունան Թադևոսյան