Տավուշում ռուսական ռազմաբազա է լինելու. ո՞ր փուլում են աշխատանքները

Տավուշի մարզի Այգեպար համայնքում ռուսական ռազմաբազա է կառուցվելու։ Կառավարության հունիսի 17-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում էր Հայաստանի տարածքում Ռուսաստանի ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին համար 2 արձանագրության հաստատման հարցը։

Ըստ Կառավարության կայքէջում տեղադրված հիմնավորման՝ ՀՀ տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի տեղաբաշխման կետերի հասցեներում տեղ գտած փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ռուսաստանյան կողմին հատկացվող հողատարծքների ու անշարժ գույքի կազմում։

Արձանագրության ստորագրումը պայմանավորված է ռուսաստանյան ռազմակայանի զինվորական ստորաբաժանման կազմի փոփոխության արդյունքում նրանց գործունեության համար պայմանների ապահովման անհրաժեշտությամբ։

Այսպիսով, այնտեղ, որտեղ խորհրդային տարիներին Յակ 40 օդանավի թռիչքուղին էր, արդեն սկսվել են շինարարական աշխատանքները։ Այգեպարի համայնքապետը նախ կատակում է, երբ լսում է շինաշխատանքներին վերաբերող մեր հարցը, ապա նշում, որ իրենք էլ տեղյակ չեն՝ ինչ է կառուցվում։

Եթե անգամ նոր ռազմաբազա կառուցվի, դա չի կարող կանխել նոր պատերազմի վտանգը։ Ըստ ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի, սակայն, այն ինչ-որ չափով կբարձրացնի մարդկանց մոտ ապահովության զգացումը։

Այնուամենայնիվ, ըստ ռազմական փորձագետի՝ գոյատևելու համար Հայաստանը նախ և առաջ պետք է հույսն իր ու հայոց բանակի վրա դնի։

Տավուշի այս հատվածում վերջին անգամ բախումներ եղել են 2020 թվականի հուլիս ամսին, երբ Այգեպար, Մովսես, Ներքին Կարմրաղբյուր, Բերդ, Չինարի բնակավայրերը ռմբակոծվում էին։ Դրանից հետո, երկու ամիս անց սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։