Քաղաքական հետապնդումների շարքից է․ փաստաբան Արսեն Բաբայանը՝ ՀՅԴ-ականներին ձերբակալելու մասին

Քաղաքական հետապնդումների շարքից է․ փաստաբան Արսեն Բաբայանը՝ ՀՅԴ-ականներին ձերբակալելու մասին

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտարարել էր, որ 2022 թվականի օգոստոսին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում, ինչպես նաեւ իրականացվում են այլ քննչական գործողություններ։

Խուզարկություններն իրականացվել են ՀՅԴ մի քանի անդամների տներում։

ՀՅԴ Արտաշատի կառույցի ներկայցուցիչ, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանի պաշտպան Արսեն Բաբայանը MediaHub.am-ին փոխանցեց, որ պաշտպանյալին Քննչական կոմիտեի Մասիսի բաժնի քննիչը ձերբակալել է 72 ժամով։

Բաբայանի խոսքով՝ ձերբակալումը զուրկ է իրավական տրամաբանությունից: «Եթե հիշում եք, նախորդ տարի օգոստոսին համացանցում ապօրինի ձայնագրություն էր հայտնվել, որի հիման վրա գործ էր հարուցվել։ Ձայնագրության խոսակցության բովանդակության համաձայն՝ իբրև ապացուցվում է, որ հանրահավաքների մասնակցելու համար Դաշնակցությունը գումարներ է բաժանել և այլն։ Օգոստոսից հետո, այսքան տևական ժամանակ միայն հունվարից հետո որոշել են, որ պետք է խուզարկություն իրականացնեն»,-պարզաբանեց նա։

Փաստաբանն ընդգծեց, որ իր պաշտպանյալի տանը ոչինչ չեն հայտնաբերել։ «Երբ պաշտպանյալիս վեցժամյա ռեժիմում ձերբակալել են, որպեսզի ներկայացնեն քննչական մարմին, նրա մոտ եղել է հեռախոս և հենց այդ հիմքով էլ որոշել են, որ 72 ժամով են ձերբակակելու։ Անհեթեթ, ապօրինի ձերբակալություն է, որն ունի քաղաքական ենթատեքստ և քաղաքական հետապնդումների շարքի մեջ է մտնում, իշխանության հրահանգներից է: Թե ինչ նպատակ է հետապնդում այս մարդկանց ձերբակալելը՝ Դաշնակցությունը կմեկնաբանի»։

Ըստ Բաբայանի՝ այս ձեռագրով հնարավոր է, որ մտնեն ցանկացած անձի տուն և ցանկացած անձի հնարավոր է այս ձեռագրով ձերբակալել։

«Ասում են, որ հեռախոսը կարող է ինչ-որ կապ ունենալ ինչ-որ արարքի հետ, այսինքն ինձ էլ կարող էին ձերբակալել, քանի որ ես էլ հեռախոս ունեի։ Պաշտպանյալիս հեռախոսը որևէ ուսումնասիրության, որևէ փորձաքննության չի ենթարկվել, որովհետև հեռախոսը Ոստիկանության բաժնից ստացվել է կնիքված վիճակում»։

 

Լիաննա Թորոսյան