Ինչի՞ պետք է ՀՀ-ն մտնի Լաչինի միջանցքի հարցի մեջ, Արցախն ինքնուրույն պետք է բանակցի․ Սիմոնյան

ՀՀ-ն Արցախի յուրաքանչյուր դիրքորոշման սատար կկանգնի: Այդ մասին ասօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ այժմ Արցախն է խոսող կողմը, և հասկանալի չէ, թե Արցախի իշխանությունն ինչ անհամաձայնություններ ունի Հայաստանի իշխանության գործողությունների հետ։

«Արցախի իշխանություններն այս կամ այն ձևով անմիջական կապի մեջ են Ադրբեջանի իշխանությունների հետ, ինչպես նաև Ռուսաստանի զորախմբի ներկայացուցիչների հետ։ Եվ մի կողմը դրա անունը դնում է ներկայացուցիչ, մյուս կողմը՝ բանակցություն։ Բայց, այնուամենայնիվ, անմիջական խոսակցություն տեղի է ունենում»,- ասաց Սիմոնյանը, ապա հավելեց, որ

Ռուսաստանի հետ շփումներն ավելի դժվար են տեղի ունենում, քան՝ Ադրբեջանի հետ։

Ավելին, ըստ ՀՀ ԱԺ նախագահի, Ադրբեջանի հետ Արցախի իշխանությունների շփումները եղել են շատ վաղուց։

«Այս պահին շփումները նվազել են, բայց կան։ Կարելի է ասել՝ երկար ժամանակ է՝ այդ կապը գոյություն ունի։ Ուստի, Հայաստանի մասին հայտարարություններ անելու փոխարեն, Արցախի իշխանությունները պետք է ֆիքսեն, որ ՀՀ-ն հայտարարել է՝ սատար է կանգնելու Արցախի ցանկացած որոշման»,- նշեց նա։

Ալեն Սիմոնյանը հարց հնչեցրեց՝ ինչի՞ հաշվին պետք է Հայաստանը վարի այդ բանակցությունները, եթե իր կողմից ոչ մի պարտավորություն չկա Լաչինի միջանցքի վերաբերյալ։

«Երբ դու մտնում ես այդ խոսակցության մեջ որպես կողմ, դու չեղյալ ես հայտարարում եռակողմ հայտարարությունը»,- նշեց նա։

Ըստ Սիմոնյանի՝ հակառակորդի նպատակը Հայաստանը ներքաշելն է այդ խոսակցության մեջ, և Լաչինի միջանցքը գուցե հենց Հայաստանին այդ ամենի մեջ ներքաշելու համար է։

Մանրամասները՝ տեսանյութում:



Մանրամասները՝ տեսանյութում։