Հրազենի կիրառմամբ սպանությունների մակարդակը հասել է վերջին 25 տարվա ամենաբարձր մակարդակին

Հրազենի կիրառմամբ սպանությունների մակարդակը հասել է վերջին 25 տարվա ամենաբարձր մակարդակին

ԱՄՆ-ում հրազենի կիրառմամբ սպանությունների մակարդակը Covid-19-ի համավարակի ժամանակ հասել է ամենաբարձր մակարդակին վերջին ավելի քան 25 տարվա ընթացքում:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) շաբաթական զեկույցի համաձայն՝ հրազենով սպանությունները համավարակի առաջին տարվա ընթացքում աճել են 35 տոկոսով՝ հասնելով ամենաբարձր մակարդակին 1994 թվականից ի վեր: Հրազենի կիրառմամբ սպանությունների մակարդակը 2020 թ. աճել է մինչեւ 6.1 100.000 մարդու հաշվով՝ 2019 թվականի 100,000 մարդու հաշվով 4.6-ի դիմաց:

2020 թ. զեկույցի համաձայն՝ հրազենի կիրառմամբ սպանվել է ավելի քան 19000 մարդ, չհաշված ինքնասպանությունները, մեկ տարի առաջ ավելի քան 14.000-ի համեմատ: Հետազոտությունը չի ներառում հրազենից պատահական սպանությունները կամ մահերը:

Հրազենի կիրառմամբ սպանությունների թիվն աճել է բոլոր տարիքի մարդկանց շրջանում, ռասայական խմբերի մեծ մասում, տղամարդկանց եւ կանանց շրջանում, քաղաքային եւ գյուղական վայրերում եւ երկրի բոլոր շրջաններում:

Ամենաշատը տուժել են սեւամորթ ամերիկացիները. նրանց շրջանում հրազենով սպանությունների մակարդակն աճել է գրեթե 40 տոկոսով՝ հասնելով 26.6-ի 100.000 մարդու հաշվով կամ՝ գրեթե 12.000 մարդու, ինչը մոտ 12 անգամ ավելի է սպիտակամորթ ամերիկացիների համեմատ:

Զենքի կիրառմամբ սպանությունների թիվն աճել է 27 տոկոսով՝ հասնելով 8.1-ի բնիկ ամերիկացիների շրջանում 100.000 բնակչի հաշվով, գրեթե 26 տոկոսով՝ իսպանացիների շրջանում՝ մինչեւ 4.5 100.000 բնակչի հաշվով, եւ մոտ 28 տոկոսով՝ սպիտակամորթների շրջանում՝ մինչեւ 2.2 100.000-ի հաշվով: Ասիական ծագման ամերիկացիների շրջանում այն ​​նվազել է 4.2 տոկոսով՝ մինչեւ 1 մարդ 100.000 մարդու հաշվով:

Համավարակի առաջին տարվա ընթացքում հրազենով ինքնասպանությունների թիվն աճել է 1.5 տոկոսով՝ մինչեւ 8.1 100.000 մարդու հաշվով։ Հրազենի կիրառմամբ ինքնասպանությունների մակարդակն ամենաբարձրը բնիկ ամերիկացիների շրջանում է՝ 10.9 100.000 մարդու հաշվով, իսկ սպիտակամորթների շրջաննում՝ 10.4 100.000 մարդու հաշվով:

CDC-ի տվյալներով՝ 2020-ին ԱՄՆ-ում սպանությունների 79 տոկոսը եւ ինքնասպանությունների 53 տոկոսը կապված են եղել հրազենի կիրառման հետ: 2020-ին ավելի քան 24000 ինքնասպանություն է իրականացվել հրազենով։

Ըստ հետազոտության՝ հրազենով սպանություններն ու ինքնասպանությունները կապված էին աղքատության հետ։

Թեեւ հետազոտությունը հրազենով սպանությունների կտրուկ աճի պատճառները չի ուսումնասիրել, CDC-ում հայտարարել են, որ համավարակը կարող էր իր դեր խաղալ՝ խաթարելով սոցիալական ծառայությունների, դպրոցների աշխատանքը, ինչպես նաեւ սրելով սոցիալական մեկուսացումը:

Համավարակի պատճառով միլիոնավոր մարդիկ կորցրեցին իրենց աշխատանքը, իսկ գործազրկության մակարդակը 2020-ի ապրիլին իր գագաթնակետին հասավ՝ 14.7 տոկոս: Տնտեսական անկումը հատկապես ծանր հարված հասցրեց փոքրամասնությունների համայնքներին, հատկապես՝ սեւամորթ ամերիկացիներին: