Քաղաքացին՝ «Արդշինբանկի» և Ավանի թաղապետարանի փնթի աշխատանքի զոհ

Երևանի բնակիչ Արամ Անդրանիկի Այվազյանը՝ շարքային հպարտ քաղաքացի, ընդ որում՝ հպարտ՝ բառի «ոչ նիկոլական» իմաստով, մի ամիս է, ինչ հայտնվել է Հայաստանի մասնավոր ու պետական մի շարք կառույցների փնթի, անպատասխանատու աշխատանքի և դրանից ծագած բյուրոկրատական քաշքշուկների հորձանուտում։ Ի վերջո, ճարահատյալ դիմել է մեզ՝ մամուլին, որ գուցե մենք կարողանանք օգնել իրեն։
Mediahub-ին Արամ Այվազյանը պատմեց, որ իրենց թաղամասում՝ Ավան վարչական շրջանում, իր անունով ազգանունով, բայց լրիվ այլ հայրանունով ևս մեկ բնակիչ կա՝ Արամ Սերյոժայի Այվազյան, որը մեքենայի գույքահարկը չվճարելու պատճառով պարտավորություններ է կուտակել իր վրա։
Բայց Ավանի թաղապետարանի աշխատակիցների անփութության, թե անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանքով Արամ Սերյոժայի Այվազյանի պարտավորությունները՝ մոտ 350 հազար դրամի չափով, «գրվել» են Արամ Անդրանիկի Այվազյանի անունով, նա էլ, բնականաբար, չի իմացել, արդյունքում՝ այդ գումարը չի մուծվել, և փոխանցվել է հարկադիր կատարման ծառայությանը, որ վերջինս վարույթ հարուցի, փոխանցի բանկին և բանկի միջոցով տվյալ գումարը բռնագանձվի։ Ու բանկը սկսել է փուլ-փուլ աշխատավարձով ապրող Արամ Այվազյանի քարտից գումար «քաշել» կամ սառեցնել՝ մարդուն Ամանորի շեմին թողնելով առանց գումարի։
Մեկ ամիս տարբեր կառույցներ դիմելուց հետո վերջին «ատյանը» մենք էինք, որին դիմեց քաղաքացին՝ հույսով, որ գոնե մեր միջոցով իր խնդրին լուծում կտրվի, և ուրիշի չմարած պարտքերից ինքը կազատվի վերջապես։
MediaHub-ը նախ դիմեց հարկադիր կատարման ծառայություն և Երևանի քաղաքապետարան։
Հարկադիրից բավականին օպերատիվ արձագանքեցին, ճշտեցին, որ քաղաքացին մեղք չունի, և անմիջապես կարճեցին վարույթը։ Քաղաքապետարանից ևս արձագանքեցին՝ փոխանցելով խնդիրը համապատասխան վարչություն։ Գնդակը բանկի, այս դեպքում՝ Արդշինբանկի դաշտում էր։ Այն, որ գործ ունեինք Արդշինբանկի հետ, հասկանալի էր դարձնում, որ խնդրահարույց է լինելու շփումը, քանզի այս բանկից դժգոհությունները բազմաթիվ են։ Պարզվում է՝ Հարկադիրից վաղուց ուղարկել են ծանուցում բանկին, որ տվյալ քաղաքացու հաշիվներից արգելանքը հանվի և գումար չբռնագանձվի, եղածն էլ հետ վերադարձվի։ Բայց Արդշինբանկում դա չէին տեսել, ծրագրային թարմացում չէին արել, ու այսօր նորից Արա Այվազյանի հաշվից գումար էին «քաշել»՝ նրա հաշվին թողնելով կոպեկներ։
Հետևապես կարող ենք հետևություն անել, որ այս բանկում իրենց պարտականությունները կա՛մ լավ չեն գիտակցում, կա՛մ դրանց լավ չեն տիրապետում, կա՛մ «թարս» կողմից են աշխատում՝ առավոտ շուտ հասնում են աշխատանքի ու սկսում մարդկանցից փող «քերելը». նախ նայում են, թե ում հաշվից ինչ գումար պիտի «քաշեն», հետո նոր, եթե հավես ու ժամանակ ունենան կամ հիշեն, կթարմացնեն իրենց ծրագիրը, որ տեսնեն՝ կարո՞ղ է որևէ քաղաքացու մասով հարկադիրից ծանուցում կա, որ արգելանքից հանեն, թե՞ ոչ։ Ու կարող է օրերով կամ ամիսներով ոչ էլ նայեն թարմացումները՝ մեզ դիմած քաղաքացու օրինակը վկա։
Երբ զանգահարեցինք Արդշինբանկ, մեզ հետ զրուցած աշխատակցի պատասխաններից հենց դա հասկացանք, որ իրենք նախ գումարները սառեցնում են, հետո, օրվա ընթացքում, նայում թարմացումները։ Մեր զանգից հետո միայն բանկից խոստացան հնարավորինս արագ կարգավորել խնդիրն ու հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ մեզ դիմաց քաղաքացին տեղեկացրեց, որ MediaHub-ի զանգից հետո բանկից կապ են հաստատել իր հետ և խոստացել՝ մինչև օրվա վերջ իրենից հանիրավի բռնագանձած գումարները հետ «նստեցնել» իր հաշվին։
Մենք հետևողական կլինենք, որ բանկը կատարի իր խոստումն ու առնվազն ժամանակին վերադարձնի մեզ դիմած քաղաքացու գումարը, իսկ պատասխանատու ընկերության և կառույցի դեպքում ճիշտ կլինի, որ թե՛ բանկը, թե՛ Ավան վարչական շրջանի պատասխանատուները բարոյական վնասի փոխհատուցում տրամադրեն Արամ Անդրանիկի Այվազյանին։ Կրկնում ենք՝ Անդրանիկի, ոչ թե Սերյոժայի։
Վահե Մակարյան