Ռուս խաղաղապահների գործունեությունը կհարմարեցվի նոր պայմաններին․ ՌԴ ԱԳՆ

Ռուս խաղաղապահների գործունեությունը կհարմարեցվի նոր պայմաններին․ ՌԴ ԱԳՆ

«Վերջին մեկ տարվա ընթացքում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կտրուկ փոխվել է, ռուս խաղաղապահների գործունեությունը կհարմարեցվի նոր պայմաններին»,-ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ռուսական խաղաղապահ ուժերի գործառույթների մասին հարցին, մասնավորապես՝ արդյոք խաղաղապահները կմնան Լեռնային Ղարաբաղում:

«Իրավիճակը Ղարաբաղում վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ փոխվել է: 2022 թվականի հոկտեմբերին Հայաստանի վարչապետը Պրահայում Եվրամիության հովանու ներքո անցկացված գագաթնաժողովի ժամանակ ճանաչեց Ղարաբաղի տարածաշրջանը որպես ադրբեջանական տարածք և վերահաստատեց իր այդ դիրքորոշումը նաև 2022թ. մայիսին և հունիսին Բրյուսելում կայացած գագաթնաժողովներում։ Այսդիսով, լրջորեն վերաձևավորվել են այն պայմանները, ըստ որոնց ռուսական խաղաղապահ զորախումբը մտել է տարածաշրջան, և այս տարվա սեպտեմբերի 19-20-ի բախումից հետո բնակչության զանգվածային արտագաղթի ֆոնին մեր խաղաղապահների գործունեությունը կադապտացվի»,-նշել է նա ճեպազրույցում։

Զախրովան ասաց, որ ռուսական խաղաղապահ զորախմբի մի շարք մշտական և ժամանակավոր դիտակետեր արդեն փակվել են. «Ինչպես արդեն ասել ենք, Բաքվի հետ են քննարկվում մեր խաղաղապահների հետ կապված հիմնարար հարցերը»։