Իրավիճակը Իսրայելում. ի՞նչ է կատարվում, ի՞նչ վիճակում են այնտեղ գտնվող հայերը

Իրավիճակը Իսրայելում. ի՞նչ է կատարվում, ի՞նչ վիճակում են այնտեղ գտնվող հայերը

Իրավիճակը մնում է լարված: Այս պահին իսրայելական կողմը հաղորդում է պաշտոնապես 100 զոհի մասին, իսկ թե նրանցից որքանն են զինվորական, որքանը քաղաքացիական անձիք՝ դժվար է ասել, կա շուրջ 900 վիրավոր: Պաղեստինյան տեղեկատվական ծառայությունը հաղորդում է 198 սպանված պաղեստինցիների մասին, 1000-ից ավելի վիրավորների: Սպանված անձանցից որքանն են ՀԱՄԱՍ-ի գրոհայիններ կամ «Ջիհադ» իսլամիստական գրոհայինները նույնպես տեղեկություններ չեն հաղորդվում: Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության  նախագահ,  «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը: 

Նա նշեց, որ երեկ առավոտյան 6:00-ից սկսվել է հարավային շրջանների ռմբակոծությունը:

«6:30-ից այդ ռմբակոծությունները հասան երկրի կենտրոն: Խոշոր հայաշատ կենտրոնները, ինչպիսիք են Պետախ Տիկվան, Թել Ավիվը, Ռամաթ Գանը, Խորոնը, հայտնվեցին հռթիռահարումների թիրախում»,- ասաց նա: 

Նշված տարածաշրջանում ապրում է մոտ 3000 հայ: Սակայն վիճակն ավելի անհուսալի էր հարավային շրջաններում, որտեղ մոտ 500 հայ է բնակվում: Մեր զրուցակցի խոսքով, այս բնակավայրերը գտնվում էին հրթիռների թիրախում: Այդ քաղաքներն են Աշկելոն, Ազդետ և այլն:  

«Առաջին անգամ ահաբեկիչները կարողացան ճեղքել Իսրայելի պաշտպանական պատը և ներթափանցել, ներխուժել իսրայելական բնակավայրեր: Ավելի քան տաս բնակավայր են ներխուժել, նույնիսկ Ստերոդ քաղաքում կարողացել են գրավել Ոստիկանության շենքը, մեկ ռազմաբազա են մուտք գործել և տիրացել զենքին, սպանել զինորականններին քնած վիճակում»,- նշեց MediaHub-ի զրուցակիցը:

«Նույն ձեռագիրն է, ինչ Ադրբեջանը օրեր առաջ իրականացրեց Արցախի խաղաղ բնակչության դեմ: Քաղաքում շրջելով մարդկանց էին փնտրում՝ սպանելու, գերեվարելու համար: Կիբուցի ներսից մարդ են գերեվարել՝ տարել են անհայտ ուղղությամբ: Արևանգել են 36 զինվոր, և ժամանակ առ ժամանակ համացանցում  հայտնվում են տարբեր զինվորականների լուսանկարներ՝ գերեվարված, կապված կամ սպանված»,- շեշտեց Չերնամորյանը:

Մեր զրուցակիցը հավելեց, որ իսրայելական կողմը փորձում է ռազմական օպերացիա իրականացնել: Այս պահին հուժկու հարվածներ են հասցվում Գազայի գոտում ահաբեկչական ենթակառուցվածքներին, ռազմական օբյեկտներին: Եվ այս անգամ, ի տարբերություն նախորդների, հայտարարվել է ոչ թե ռազմական օպերացիա, այլ հենց պատերազմ, խոսքը հենց պատերազմի մասին է: 

«90 կմ շառավղով ամեն ինչ փակ է, մարդկանց տեղաշարժը սահմանափակված: Մարդիկ պետք է մնան իրենց տներում: Ժամանակ առ ժամանակ ոստիկանական մեքենաներ են շրջում քաղաքում, որոնք հորդորում են մարդկանց մնալ տանը, դուրս չգալ, կամ միայն շատ ծայրահեղ դեպքերում: Հայտարարվում է  նաև, որ կան շրջիկ ահաբեկիչներ, որոնք մարդկանց ուղղակի առևանգում են փողոցներից կամ սպանում»,- ասաց Չերնամորյանը: 

Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության  նախագահը ներկայացրեց նաև Իսրայելում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների վիճակն ու անվտանգության հետ կապված հարցերը:

«Հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան այս պահին: Հիշեցնեմ, որ անցյալ անգամ՝ մայիսին 14-ին, Իսրայելի վրա հերթական հարձակման ժամանակ, որն իրականացրեց «Ջիհադ» իսլամիստական ահաբեկչական խումբը Գազայի գոտուց, գրանցվեց մեկ զոհ՝ հայազգի Ինգա Արզումանյանը»,- հավելեց նա: