Փող չունենք, մնալու տեղ չունենք․ արցախցիների համար Երևանում մնալն էլ է լրջագույն խնդիր

Փող չունենք, մնալու տեղ չունենք․ արցախցիների համար Երևանում մնալն էլ է լրջագույն խնդիր

Արցախի շրջափակման 11-րդ օրն է և այս օրերի ընթացքում 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, զրկված է տուն վերադառնալու հնարավորությունից։

MediaHub.am-ի հետ զրույցում Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքի գյուղապետ Անդրանիկ Բաբայանը պատմեց, որ մինչև ճանապարհի փակվելը ընտանիքով Երևան էին եկել՝ բժշկական օգնություն ստանալու, սակայն Լաչինի միջանցքի փակվելը փոխել է բոլորի պլանները։ 

«Հիմա խնդրի առաջ ենք կանգնել՝ փող չունենք, մնալու տեղ չունենք։ Իմաստ չունի մեր այստեղ մնալը, բայց այս օրերին մեր ունեցածն էլ վերջացել է, այնտեղից էլ հնարավոր չի ուղարկեն, որ յոլլա գնանք »,-ասաց նա։ 

Բաբայանը պատմեց, որ արդեն 15 օր է Երևանում են և այս օրերին օրավարձով են ապրում, որն ավելի է բարդացնում իրենց վիճակը։ «Իրականում, չենք դիմել ոչ մեկին, բայց լսում ենք, որ լրատվականին փոխանցվում է, թե պետությունն ամեն ինչ անում է, բոլոր հոգսերը հոգում է, բայց ոչինչ չենք տեսնում։ Այն, ինչ ասվում է, մենք ոչինչ չենք տեսել։ Գորիսում, հավանաբար, համայնքապետն է ամեն ինչ անում, կեցության հարցերը լուծում, բայց, ցավոք, նույն պատկերն այստեղ չէ»,-պատմեց Բաբայանը։ 

Վազգենաշենի համայնքապետի փոխանցմամբ՝ նույն խնդրի առաջ հարյուրավոր մարդիկ են կանգնել։

 «Ո՞նց անենք, ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք»,- հավելեց նա։

Լիաննա Թորոսյան