Ֆրանսիայում և Մոնակոյում կներկայացվեն Փարաջանովի գործերը

Ֆրանսիայում և Մոնակոյում կներկայացվեն Փարաջանովի գործերը

Սերգեյ Փարաջանովի թանգարանը Ֆրանսիայի Մոն դե Մարսան քաղաքում մարտի 22-ին կբացի ժամանակավոր ցուցահանդես, որը կգործի մինչեւ հունիսի 19-ը: «Ցուցադրությունը կիրականացվի Մոն դե Մարսանում անցկացվող «Երազ» փառատոնի շրջանակում: Կցուցադրվեն Փարաջանովի ստեղծագործությունները, ինչպես նաեւ Փարաջանովի «Բանտային» կամ «Էսքիզների» թեմաներով կներկայացնեմ զեկուցում: 

Հետո Մոնակոյում՝ Մոնտե Կառլոյում, Հայկական երաժշտության օրերի շրջանակում կբացվի Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդես: Թանգարանը փարաջանովյան ստեղծագործությունների լուսանկարները տրամադրել է կազմակերպիչներին, որոնք էլ կտպեն այն եւ կցուցադրեն թվային ձեւաչափով»,- տեղեկացնում է Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը:

«Միջազգային համագործակցության շրջանակում տարվա ընթացքում նախատեսում ենք նաեւ հանդիպում Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան թանգարանի ղեկավարության հետ: Այս ուղղությամբ նախնական քննարկումներ արդեն ունեցել ենք: Զավեն Սարգսյանի ցանկությունն էր՝ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես բացել Պուշկինի թանգարանում»,- նշել է Անահիտ Միքայելյանը: