Ի՞նչ թմրանյութ, նույնիսկ օղու բաժակ չէին վերցնում․ Ազատ գյուղում բացառում են շրջանառվող վարկածը

Ի՞նչ թմրանյութ, նույնիսկ օղու բաժակ չէին վերցնում․ Ազատ գյուղում բացառում են շրջանառվող վարկածը

Հունվարի 19-ին Գեղարքունիքի Ազատ գյուղի զորանոցի հրդեից հետո մի շարք  վարկածներ են պտտվում, թե ինչպես ստացվեց, որ 15 զինծառայող խաղաղ պայմաններում զոհվեց։

Ըստ մամուլի՝ վարկածներ կան, թե թմրանյութ է եղել կացարանում և ողբերգական հրդեհի գործով նշանակվել է թմրաբանական փորձաքննություն։ 

MediaHub-ի հետ զրույցում Ազատ գյուղի բնակիչ Վարդան Ներսիսյանը նշում է, որ իրատեսական չեն համարում այս կասկածները, քանի որ տղաներին ճանաչել են։ 

«Բոլորի հետ լավ շփում ենք ունեցել։ Երբ այդ կողմ էի գնում, բարևում էի, զրուցում էինք, հարցնում էի ծառայությունից։ Եթե թմրանյութ օգտագործած լինեին, չեմ կարծում, որ առաջին անգամն էր լինելու, իսկ հաճախակի օգտագործելու դեպքում էլ, հաստատ կիմանայինք, գյուղացիները կնկատեին։ Գիտեմ նաև, որ օղին էին բացառում իրենց մոտ։ Մի լոռեցի տղա կար, իր հայացքից արդեն սթափվում էին, բացառված էր, որ օղու բաժակ ձեռքները վերցնեին։ Ես էլ ասել եմ՝ լավ եք անում, ճիշտ եք անում, որովհետև ինչ իմանաք, որ պահին ի՞նչ ահազանգ կստանաք, ո՞ւր կկանչեն ձեզ։ Ասածս այն է, որ օղի նույնիսկ չէին խմում, ի՞նչ թմրանյութ»,-ասում է նա։ 

Ազատցու խոսքով՝ գյուղում չեն ուզում հավատալ այն վարկածին, թե տղաները հրդեհից ավելի վաղ են արդեն մահացած եղել։ Ասում է՝ փաստն այն է, որ տղերքը լավագույնն էին։ 
Ներսիսյանը պատմում, որ մի քանի օր առաջ է գնացել վառված զորանոցի տարածք և իր համար զարմանալի է, որ փայտե հատակը չի վառվել.

«Զարմանում եմ, որ հատակը 80 տոկոս պահպանվել է, հնարավոր է, որ հասցրել են շուտ հանգցնել, չգիտեմ»։ 

Զորանոցի վերածված տունը գյուղի բնակիչներից մեկինն է եղել, որը ՌԴ-ում է։ 

«Գյուղապետն էր, թե հարևանն էր տրամադրել, չգիտեմ, թե ինչ պայմաններով են տվել, բայց ասում են՝ տան տերն էլ գիտի, որ տունը վառվել է։ Իրականում, ո՛չ Գոռին եմ ճանաչել դեմքով, ո՛չ էլ Եղիշեին, միշտ հարցնում էի՝ թե ո՞ւր են ձեր ղեկավարները, ասում էին՝ գալիս են, գնում են»։ 

Գյուղում նոր զորանոց կառուցելու հավանականությունից Ներսիսյանը տեղյակ չէ, ասում է՝ մեկ այլ տանը 3 զինվորական կա, մեկը տրակտորիստ է։ 

«Դուրս են գալիս, դեպի դիրքեր բարձրացող ճանապարհները մաքրում։ Վերջերս հաճախ է ձյուն գալիս։ Ինչքանով ես գիտեմ՝ տրակտորիստը, որ բարձրանում է ճանապարհը մաքրելու՝ մյուսը զենքով հսկում է, որ խնդիրներ չլինեն»,- հավելեց նա։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հաստատել են տեղեկությունը, որ նշանակված է նման փորձաքննություն, բայց եզրակացությունը դեռ չի ստացվել։ Ու մինչ մի շարք փորձաքննությունների՝ հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, նյութագիտական, ձգաբանական, հետքաբանական և այլնի եզրակացությունները դեռ ստացվել, վարկածների պակաս չի զգացվում...

Լիաննա Թորոսյան