Անվանվել են ստամոքսի խոցի հիմնական ախտանիշները

Ստամոքսի խոցը բավականին տարածված խնդիր է, որից տառապում է մոլորակի բնակչության մոտ 15%-ը: Խոցն առաջանում է լորձաթաղանթի վրա և կարող է ի հայտ գալ օրգանի ցանկացած հատվածում՝ հանգեցնելով առողջական լուրջ խնդիրների:
Այս հիվանդության առաջացմանը կարող են նպաստել տարբեր գործոններ, սակայն բժիշկները սովորաբար առանձնացնում են դրանիցից մի քանիսը.
· ցավազրկող ու ջերմիջեցնող դեղորայքի ընդունում (պարբերաբար),
· հելիկոբակտեր պիլորի բակտերիայով վարակում,
· սթրեսային իրավիճակներ,
· աղեստամոքսային տրակտի օրգանների հիվանդություններ, որոնք նպաստում են ստամոքսահյութի թթվայնության բարձրացմանը:
Այս ամենը վկայում է այն մասին, որ հիվանդության առաջացման հավանականությունը ներկայում բավականին բարձր է գրեթե յուրաքանչյուրի մոտ, սակայն, միևնույն ժամանակ, ոչ բոլորն են պատշաճ ուշադրություն դարձնում իրենց առողջական վիճակին և ոչ միշտ են դիմում մասնագետին տհաճ ախտանշանների ի հայտ գալու դեպքում:
Ուռուցքաբան Սերգեյ Պիկուլինը նշել է խոցի հիմնական ախտանիշները․
-Որովայնի վերին հատվածում ցավ, որն առավել ուժեղ է լինում դատարկ ստամոքսի ժամանակ, իսկ ուտելուց կամ այրոցի դեմ դեղամիջոցներ ընդունելուց հետո այն փոքր-ինչ նվազում է։
«Ընդհանուր առմամբ, ախտանշանները կախված են խոցի տեղայնացումից, սակայն կարելի է հայտնաբերել պեպտիկ խոցային հիվանդության մի քանի ընդհանուր դրսևորումներ: Օրինակ՝ որովայնի փքվածություն, փորկապություն, սրտխառնոց, հաճախակի քաղց»,- ասել է ուռուցքաբանը։
Բժիշկը խոցն անվանել է վտանգավոր հիվանդություն՝ ուղեկցվող արյունահոսությամբ և ստամոքսի ամբողջականության խախտմամբ։ Նա նաև զգուշացրել է, որ խոցը կարող է վերածվել չարորակ ուռուցքի։