Պոպուլիզմը միակ բանն է, որ լավ է ստացվում Արցախի «ընդդիմադիր» պատգամավորների մոտ․ Դավիթ Սարգսյան

MediaHub-ը զրուցել է Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Դավիթ Սարգսյանի հետ՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի վերջին հայտարարության, Արցախում տիրող իրավիճակի, ՀՀ և Արցախի իշխանությունների քաղաքականության շուրջ։
- ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն օրերս հայտարարեց, որ Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելու Բաքվի միակողմանի որոշումը հակասում է խաղաղության ջանքերին։ Ի՞նչ է պատրաստվում անել Արցախը, այն դեպքում, երբ ԵՄ-ն դատապարտում է այս քաղաքականությունը, բայց նույն ժամանակ ասում, որ Լաչինի միջանցքը դուրս է ԵՄ քաղաքացիական առաքելության աշխարհագրական պատասխանատվության շրջանակից։ Երեկ էլ հերթական միջադեպը գրանցվեց:
- Եթե անգամ Լեռնային Ղարաբաղի մասով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճիռը չի կատարվել, ապա միջազգային կառույցների կամ նրանց ներկայացուցիչների ոչինչ չասող հայտարարությունները պետք է ընդամենը ի գիտություն ընդունել։ Գործնականում մեր միակ հույսը մենք պիտի լինենք։
- Բորելը նաև նշել է, որ առաջին անգամ Հայաստանի ղեկավարը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Ստացվում է՝ բոլորն են հաշտվում այն մտքի հետ, որ Արցախը հանձնված է թշնամուն։ Ինչպե՞ս պետք է շտկել իրավիճակը։
- Արցախը իրացրել է իր ինքնորոշման իրավունքը և հռչակել անկախություն 1991թ․։ Բորելը կլինի, Հայաստանի, թե մեկ այլ երկրի ղեկավար, մեր փոխարեն չի կարող որոշում կայացնել՝ առանց մեր կարծիքը հաշվի առնելու։ Արցախի ժողովուրդն է իր ճակատագրի տերը։
- Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմն արգելել է երկու կանանց ու մեկ երեխայի մուտքն Արցախ։ Ինչպե՞ս կարող է ադրբեջանական կողմն արգելել մարդկանց իրենց տուն վերադառնալ։ Ի՞նչ քայլեր են իրականացվում այս ուղղությամբ։ Նախօրեին էլ, հայտնի միջադեպից հետո, որևէ տեսա ուղևորափոխադրում ու բեռնափոխադրում չի իրականացվում:
- Պետության կողմից իրականացվող քայլերի կապակցությամբ ես, որպես պատգամավոր, բացարձակ տեղեկացված չեմ։
- MediaHub-ի տեղեկություններով՝ ադրբեջանական անցակետով որոշ քաղաքացիներ կարողանում են դուրս գալ, սակայն վերադառնալը մեծ դժվարություն է։ Ինչո՞վ է այս դժվարությունը պայմանավորված, արդյոք այսպիսով Ադրբեջանը չի սկսել հայաթափման գործընթացը:
- Մեր քաղաքական ուժը՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը, մշտապես խոսել է այն մասին, որ այդ և նման այլ խնդիրներ հնարավոր է լուծել Ստեփանակերտ-Բաքու բանակցություններով։ Դրանք չեն լինի քաղաքական բնույթի, այլ փոխվստահության ձեռքբերման նպատակ կհետապնդեն։ Երբ փոխվստահություն կլինի, կարող ենք անցնել քաղաքական հարցերի կարգավորմանը։
- Ի դեպ, մամուլը գրել էր, թե Փաշինյանն է պարտադրել Արայիկ Հարությունյանին թույլատրել մարդկանց օգտվել անցակետից: Ստացվում է, որ Արցախի նախագահը շարունակում է աջակցել Փաշինյանի քաղաքականությանը, որը մեկ նպատակ ունի՝ հանձնել Արցախը Ադրբեջանին:
- Մամուլն էլ երևի ներկա է գտնվել, հա՞, Փաշինյանի և Հարությունյանի այդ խոսակցությանը։ Քանի որ պոպուլիզմը միակ բանն է, որ լավ է ստացվում «ընդդիմադիր» պատգամավորների մոտ, առաջարկում եմ այդպիսի հարցերով նրանց դիմել։ Նրանք գույնզգույն կպատմեն այդ պայմանավորվածությունների մասին։
Լիաննա Թորոսյան