Հարթաշենում կգործի անվճար հասարակական տրանսպորտ

Հարթաշենում կգործի անվճար հասարակական տրանսպորտ

Մայիսի 9-ից Հարթաշենում կգործի անվճար հանրային տրանսպորտ: Դեռ ամիսներ առաջ էր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը խոստացել կարևոր այդ խնդիրը լուծել: Հարթաշենը խոշորացված համայնքի միակ բնակավայրն է, որտեղ տրանսպորտ չէր գործում: Այսպիսով` համայնքի բոլոր բնակավայրերում անվճար տրանսպորտի խնդիրն ամբողջովին լուծված է: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։ 

Բնակիչներն Առուշանյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել են նաև մի շարք հրատապ հարցեր: Հարթաշենցիները  կարևորել են, որ համայնքը ձեռնարկել է ոռոգման ջրագծերի վերակառուցման ծրագիրը, որի շնորհիվ բնակավայրն ամբողջությամբ տնամերձ հողամասերը ոռոգելու հնարավորություն կունենա: Ջրագծերի վերակառուցման աշխատանքներն իրականացվում են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում:

Համայնքի ղեկավարը Հարթաշենում ծանոթացել է նաև մանկապարտեզի նորոգման աշխատանքներին: 30 տարի անց վերջապես Հարթաշենում ևս կգործի լիովին նորոգված ու կահավորված մանկապարտեզ: Նորգման աշխատանքներն ավարտվել են, այժմ կահավորման փուլն է: Ավագանու հերթական նիստում կքննարկվի հաստիքների հարցը: Ծրագիրն իրականցվում է Յունիսեֆ միջազգային կազմակերպության կողմից: