ՔՊ-ն Արցախի փրկության համար պայքարը պիտակավորում է ռևանշիզմ

ՔՊ-ն Արցախի փրկության համար պայքարը պիտակավորում է ռևանշիզմ

Կարծում եմ` հավաքին մասնակցող յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ կազմակերպիչների գերնպատակը քաղաքական ռևանշն է ժողովրդի ընտրության դեմ, եւ այդ ճանապարհին ընդդիմությունը պատրաստ է վտանգել բոլորի առողջությունն ու կյանքը՝ բացի իրենցից։ Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը:

ՔՊ-ականները հայ ժողովրդի պայքարը հանուն պետականության փրկության, Արցախն՝ Ադրբեջանի կազմում չթողնելու և ազգային շահերի պաշտպանության անվանում են ռևանշիզմ: 2018թ.-ից ի վեր ՔՊ-ականների ոչ պրոֆեսիոնալ քաղաքականության, քայլերի արդյունքում հայոց պետականությանը հասցվել է այնպիսի հարված, որ Հայաստանը կանգնած է դե-ֆակտո վերացման եզրին: 

Վիճվարչության տվյալներն ընթերցող ցանկացած գիտակից՝ ոչ «զոմբիացած» քաղաքացի կարող է համոզվել, որ ՔՊ-ի օրոք աճում է արտաքին պարտքը, գնաճը, արտագաղթը, սոցիալական վիճակը մարզերում ուղղակի վտանգում է ազգային անվտանգությունն ու պետության գոյությունը: Սոցիալական պայթյունը մոտ է՝ ՔՊ-ն այդ հարցերն ու Արցախի փրկության խնդիրը լուծելու փոխարեն զբաղված է ընդդիմության դեմ քարոզչական պատերազմով, սև PR-ով, որն ուղղակի սրում է ներքաղաքական վիճակն ու խորացնում է անդունդը հասարակության տարբեր շերտերի միջև:

Ընդդիմությունը չի վտանգում որևէ մեկի առողջությունը՝ գործող իշխանությունների հրամանով ոստիկաններն են բիրտ ուժ կիրառում ցուցարարների նկատմամբ, ինչի արդյունքում կան տասնյակ տուժաներ: Լուսաձայնային նռնակներով ցույցեր են ցրում ՔՊ-ի օրոք՝ «ժողովրդավարության բաստիոնի» ջատագովների:

ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ ցույցերի՝ իրենց վիճակի բարելավման և, առաջին հերթին, Արցախի փրկության համար: ՔՊ-ականները հայ ազգի թիկունքում փակ դռների հետևում որոշում են ՀՀ-ի ու Արցախի ապագան: ՀՀ քաղաքացիների արդարացի բողոքի ձայնն ընդդիմությունը փորձում է տեղ հասցնել՝ ՔՊ-ականներն այդ պայքարն անվանում են ռևանշիզմ: ՔՊ-ականներն երկրի առջև ծառացած խնդիրները օպերատիվ կերպով լուծելու փոխարեն զբաղված են ընդդիմությանը պիտակավորելով: 

Ընդդիմությունը բարձրացնում է սուր հարցեր՝ ՔՊ-ականներն այդ հարցերին չեն պատասխանում՝ սահմանափակվելով «նախկիների թալան» բառակապակցությամբ: Փաշինյանն ու թիմը 2018թ-ից իշխանության են՝ այդ թալանն, որը դեռ պետք է դատարանով ապացուցել, դեռևս չի վերադարձվել պետական բյուջե: Իսկ ՀՀ քաղաքացիներից հավաքվող հարկերը տեղ են գտնում ՔՊ-ական պատգամավորների գրպաններում, որպես պարգևավճարներ:

Վահրամ Բագրատյան