Ինձ վրա հարձակված տղամարդը մտածում էր՝ ԱԱԾ աշխատակից եմ․ փախել եմ, մեքենաս է քերծել․ Գայանե Պապոյան

Ինձ վրա հարձակված տղամարդը մտածում էր՝ ԱԱԾ աշխատակից եմ․ փախել եմ, մեքենաս է քերծել․ Գայանե Պապոյան

Ինձ վրա հարձակված տղամարդը մտածում էր, որ ԱԱԾ աշխատակից եմ։ Ինքնությունը պարզված է, ես նրան տարածքում նկատել եմ, ոստիկան կար ինձ հետ, մատնացույց եմ արել տղամարդուն․ դեպքից երկու ժամ անց վերջինս ձերբակալվել է։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գայանե Պապոյանը՝ պատմելով այսօր առավոտյան ԱԱԾ շենքի մոտ իր վրա սուր կտրող-ծակող գործիքով հարձակվելու դեպքի մանրամասները։ 

«Թեման մեքենայի կայանման հետ էր կապված, բայց իր խոսքից հասկանում էի, որ կարծում է՝ ես ԱԱԾ աշխատակից եմ ու ինչ-որ բան ունի ԱԱԾ աշխատակիցների դեմ, որովհետև պարզապես մեքենայի կայանման համար նման միջադեպ չէր առաջանա»,-պատմեց նա։ 

Պապոյանը ներկայացրեց, որ տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով է հարձակվել՝ լանցետի նման։ 

«Տղամարդու հետ նաև իր հայրն էր, իր ձեռքը պահեց, այդ ժամանակ փախա ու ԱԱԾ շենք մտա, հետո պտտվեցի, տեսա, որ նույն գործիքով մեքենաս է քերծում։ 40-50 տարեկան կլիներ, իրականում, եթե արտաքինին նայեինք, ադեկվատ մարդ էր թվում, բայց ադեկվատ մարդը չեմ կարծում, որ նման պահվածք կդրսևորեր»,-ասաց Պապոյանը։ 

Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը MediaHub.am-ին ավելի վաղ փոխանցել էր, որ կատարվածը Գայանե Պապոյանի մասնագիտական գործունեության հետ որևէ առնչություն չունի։ 
«Մնացյալ հանգամանքները պարզելու ուղղությամբ իրավապահների կողմից աշխատանքներ տարվում են:

Այնուամենայնիվ, մենք դատապարտում ենք մեր գործընկերոջ նկատմամբ կատարվածը»,-ասել էր նա։

Լիաննա Թորոսյան