ԱԱԾ-ի կողմից հետապնդման ենթարկված Ղարիբ Բաբայանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց

ԱԱԾ-ի կողմից հետապնդման ենթարկված Ղարիբ Բաբայանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց

Փաստաբան Վլադիմիր Հայրապետյանը գրել է․

«Ղարիբ Բաբայանի գործով մտահոգ հարգելի ընկերներ

Ինչպես գիտեք Ղարիբ Բաբայանի գործով քրեական Դատարանի 02․02․2025թ-ի որոշմամբ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարման արդյունքում՝ Ղարիբ Բաբայանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն և որպես պարտականություն սահմանելով, Դատարանը արգելել է Ղարիբ Բաբայանին սոցիալական ցանցերում, համացանցային հարթակներում, ծառայություններում կամ կայքերում հրապարակային կոչեր կատարելը։

Դատարանի հիշյալ որոշումը՝ իմ և գործով հսկող դատախազի կողմից բողոքարկվել է վերաքննության կարգով։

Վերաքննիչ քրեական Դատարանի 06․03․2025թ-ի որոշմամբ բավարարվել է իմ բողոքը և հիմնավոր կասկածի բացակայությունը արձանագրելով մերժել է դատախազի հատուկ վերանայման բողոքը։

Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ հատուկ վերանայման Վճռաբեկ բողոք է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազի կողմից, որի արդյունքում էլ ՀՀ Վճռաբեկ Դատարանի քրեական պալատը 07․05․2025թ-ի որոշմամբ՝ մերժել է Գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը։

Այսպիսով վերաքննիչ քրեական Դատարանի որոշումը մնաց օրինական ուժի մեջ։

Հ․Գ նախաքննությունը․․․, երևի շարունակվում է, սակայն ս․թ փետրվարից առ այսօր վարույթն իրականացնող մարմնին չենք տեսել, որևէ քննչական կամ դատավարական գործողության կատարման չենք հրավիրվել․․․։»

Հունվարի 30-ին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն լեզվով «Ղարաբաղի» մասին երգ են երգում։ Հաջորդ օրը ԱԱԾ–ն հաղորդագրություն էր տարածել, որ երգողները ԻԻՀ քաղաքացիներ են, իսկ փետրվարի 1-ին, արդեն, առերևույթ հանցանքի մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ ՔԿ-ն տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանի դեմ հանրային քրեական հետապնդում էր հարուցել ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը հոդվածով։