Ալեն Սիմոնյանը կհարցաքննվի՞ MediaHub-ի գործով

Ալեն Սիմոնյանն ընդդեմ MediaHub-ի գործով հերթական դատական նիստը կայացավ այսօր՝ դեկտեմբերի 12-ին։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահը մեզ դատի է տվել՝ մեր՝ «Կառավարությունն առանց մրցույթի շուրջ 79 մլն դրամի համաձայնագիր է կնքել Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության հետ» վերտառությամբ հոդվածի համար։
Հոդվածում փաստերով ներկայացրել ենք, որ Կառավարությունը հերթական խոշոր գործարքն է իրականացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերության հետ։
Հայցադիմումում նշվում է, որ հրապարակումը «պատիվն ու արժանապատվությունը արատավորող արտահայտություններ է պարունակում»: Ալեն Սիմոնյանը պահանջում է իր օգտին բռնագանձել մեկ միլիոն դրամ՝ որպես զրպարտության համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև բռնագանձել 530, 000 դրամ՝ դատական ծախսեր:
Այսօրվա դատական նիստի ընթացքում MediaHub-ի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը միջնորդություն ներկայացրեց՝ Ալեն Սիմոնյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ։
«Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է տալիս գործին մասնակցող անձին հարցաքննելու։ Մեծ հաշվով դրա ինստիտուտը կապված է կողմին՝ որպես վկա հարցաքննելու հետ։ Դատարանը կարող է առաջարկել, որ գործին մասնակցող այլ անձը ներկայանա ու ցուցմունք տա»,- նշեց Սոս Հակոբյանը՝ հավելելով, որ որևէ խնդիր չի տեսնում, որ հայցվոր կողմի ներկայացուցիչն է մասնակցում դատական նիստին։
Սակայն, ըստ Հակոբյանի, Ալեն Սիմոնյանի շահագրգռվածությունը տեսանելի դարձնելու համար անհրաժեշտ է նրան հրավիրել դատարան՝ հարցաքննության։
Հակոբյանը հստակեցրեց, որ սա ընդամենը առաջարկ է ուղղված Ալեն Սիմոնյանին։
Հայցվոր կողմի ներկայացուցիչը, ի պատասխան Հակոբյանի միջնորդության, ներկայացրեց իր առարկությունները։ Պատասխանող կողմի ներկայացուցիչ Հակոբյանն էլ առաջարկեց հարցը նախ քննարկել Ալեն Սիմոնյանի հետ, սակայն հայցվոր կողմի ներկայացուցիչն այդ առաջարկը մերժեց։
Կբավարարի՞ դատարանը MediaHub-ի ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունը, պարզ կլինի 2024 թվականի մարտի 17-ին՝ հաջորդ դատական նիստի ընթացքում։
Նարե Գնունի