«Պետությունը հաց վաստակելու գործիք չէ». իշխանության նոր թեզը ազգակործան է  

«Պետությունը հաց վաստակելու գործիք չէ». իշխանության նոր թեզը ազգակործան է  

«Դեռ 2021-ից սկսած, փաստորեն, Ադրբեջանը բավականին առաջ է եկել, դիրքավորվել հայկական խաղաղ բնակավայրերի հարակից տարածքներում։ Թե որքա՞ն ենք կորցրել ՀՀ սուվերեն տարածքներից՝ որևէ տեղ պաշտոնական որևէ հաղորդագրություն չի հրապարակվել, բայց փաստը մնում է այն, որ բոլոր ուղղություններում ունենք նույն պատկերը»,- MediaHub-ին ասում է Շիրակի մարզի բնակիչ, նախկին երկրապահ կամավորներից մեկը` մեկնաբանելով մեր այն դիտարկումը, որ սահմանամերձ համայնքների ղեկավարները վտանգ չեն տեսնում ադրբեջանական զինուժի ներկայությունից։ 

«Լրահոսն եմ թերթում, ու գիտեք ո՞րն էր ամոթը։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «պետությունը հաց վաստակելու գործիք է», ԳՇ պետն ասում է՝ «համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, հարցը չպետք է լուծվի ռազմական ճանապարհով», ԱԽ քարտուղարն առաջարկում է «բրինձ՝ ցորենի փոխարեն», իսկ ԵԿՄ ներկայիս ղեկավարի խոսքով  մոտավոր այսպես է ստացվում՝ «Ադրբեջանը մեզանից ուժեղ է, ուստի չենք կարող կռվել իրենց հետ»։ Ի՞նչ է ստացվում. սա ազգակործան թեզ է, որով մեր ժողովրդին առաջարկում են, որ մենք որևէ կապ չունենք ձեր անվտանգության հետ, միայն ձեր ստամոքսի հարցն ենք կարողանում լուծել, մնացածը՝ ներքին անվտանությունից սկսած, վերջացրած արտաքին սպառնալիքներից, գործ չունենք։ Պետությունը հաց վաստակելու գործիք չէ, պետությունը մեր արժանապատվությունն է, որի պաշտպանության համար պետք է պատրաստ լինենք ամեն ինչի»,- ասաց արցախյան պատերազմների մասնակիցը։

Ազատամարտիկն ասում է, որ Ադրբեջանը ՀՀ սուվերեն տարածք է մտել ոչ ռազմական ճանապարհով՝ 2021 թվականի մայիսին, ապա նույն թվականի նոյեմբերին։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ բոլոր սահմանամերձ մարզերում գրավվել են գերիշխող դիրքերը։

«Հիմա իրենց սահմանազատումն ու սահմանագծումը ձեռքբերում ու հաղթանակ են որակում։ Խաղաղություն չի լինելու, քանի չենք պարտադրել։ Ես կողմ եմ սահմանազատմանը, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի բերած տարբերակով։ Ու չհավատաք, որ Ադրբեջանը Հայաստանին զիջելու է արդեն իսկ գրավված տարածքները, մանավանդ, որ ՀՀ ղեկավարը դրանք ռազմական ճանապարհով հետ բերելու մտադրություն չունի»,- եզրափակեց նա։ 

MediaHub-ը կապ հաստատեց նաև Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի վարչական ղեկավարի հետ։ Այստեղ ադրբեջանական զինուժը բավականին հարմար դիրք է գրավել 2022-ին։ Մակիչ Թովմասյանն ասաց, որ հրադադարի խախտումներ չեն արձանագրվել, իսկ ինչ վերաբերում է դե ֆակտո և դե յուրե ՀՀ տարածքում ադրբեջանական զորքի տեղակայմանը, լղոզված պատասխան տվեց․ «Մեր գյուղից էդքան էլ չի երևում, թե ինչ են անում ադրբեջանցիները, այդ հարցով դիմեք Պաշտպանության նախարարությանը»:

 

Հունան Թադևոսյան