Դավիթ Տոնոյանի և Ստեփան Գալստյանի խափանման միջոցի հարցի քննարկումը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, 1 ամսով հետաձգել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի խափանման միջոցի հարցի քննությունը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատական նիստի ընթացքում Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ Տոնոյանի գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու մասին։ Միջնորդության հիմքում դրվել է այն, որ գործով պատճառված վնասի չափն արդեն երաշխավորված է, հետևաբար, հետագայում քաղաքացիական հայցի խնդիր չի կարող առաջանալ, վերացված է գույքի վրա արգելանք դնելու նպատակահարմարությունը, անհրաժեշտությունը։ Պաշտպանության կողմը միացել է միջնորդությանը, մեղադրող դատախազը՝ առարկել։ Գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին միջնորդության լուծումը դատարանը հետաձգեց, ինչից հետո Դավիթ Տոնոյանի և Ստեփան Գալստյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ իրենց պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով փոխարինելու մասին, որը ևս հետաձգվել է։
Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ ամբողջ քրեական գործն իրենից որևէ բարդություն չի ներկայացնում, փաստաթղթավորված գործ է և վկաների վրա ազդելու կամ որևէ այլ տեսակի ապացույցներ ձեռք բերելուն խոչընդոտելու ռիսկի մասին խոսք լինել չի կարող, եթե անգամ նման ռիսկ առկա է, արդեն իսկ ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասն ապահովված լինելու, երաշխավորված լինելու պայմաններում էականորեն նվազում է խոչընդոտելու ռիսկը, հետևաբար, գոնե այս փուլում արդեն իսկ այլ խափանման միջոցն ի զորու է ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Ընդ որում, դատական նիստերը տեղի են ունենում ամսվա ընթացքում մեկ անգամ, իսկ հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 2-ին։ Պաշտպանության կողմը միջնորդել է խափանման միջոց կալանավորումը փոխարինել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով, այդ թվում՝ գրավով՝ գրավի չափ առաջարկելով 10 մլն ՀՀ դրամը։