Իզուր չեն ձեր վախերը, դուք պետք է վախենաք դաշնակցականությունից․ Կյուրեղյանը՝ ՔՊ-ին

Ինչո՞վ են մեր դաշնակցական ընկերները խանգարում այս իշխանություններին։

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նման հարց հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով դաշնակցական երիտասարդների՝ Հայաստան մուտքի արգելքին։ 

Նա նշեց, որ դեռ 2018-ի մայիսից է ասել՝ այս մարդիկ եկել են իշխանության՝ Արցախը թշնամուն հանձնելու, հայոց բանակը խարխլելու և հայոց պետականությունը քայքայելու։

«Իսկ ի՞նչ է ուզում Դաշնակցությունը։ Լրիվ հակառակը։ Փաստորեն, այս իշխանությունների նպատակներն ու դաշնակցականությունը խիստ հակասում են միմյանց։ Եվ այս իշխանություններն այդ պատճառով պայքարում են դաշնակցականության դեմ, ինչպես և անում էր նրանց կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանը»,- նշեց Կյուրեղյանը։ 

Ըստ պատգամավորի՝ առանձին դաշնակցականի նկատմամբ կարող են քրեական գործ հարուցել, առանձին դաշնակցականին կարող են պահել բանտում․․․ բայց համասփյուռ Դաշնակցությանը չեն կարող։ 

«Ձեր այդ քայլերով դուք ավելորդ անգամ ապացուցում եք, որ իշխանությունը պահելու ձեր պայքարում երկիրը հանձնելու դեմ պայքարող կա՝ Դաշնակցությունն է։ Դաշնակցականների նկատմամբ ձեր պայքարը ցույց է տալիս՝ ինչ վախեր ունեք դուք։ Իզուր չեն ձեր վախերը, դուք պե՛տք է վախենաք դաշնակցականությունից»,- շեշտեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում: